Արմեն Բադալյան. Րաֆֆի Հովհաննիսյանը սահուն կերպով փետրվարի 18-ից հասավ ապրիլի 7
Մայիսի 5-ին՝ Երևանի ավագանու ընտրություների օրը, հիմնական պայքարը գնալու է Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների մեջ: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ի տարբերություն 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների, երբ ամեն ինչ կանխորոշված էր, ըստ Արմեն Բադալյանի, Երևանի ավագանու ընտրություններում սցենարը պարզ չէ:
«Իհարկե, կարելի է ասել, որ ազնիվ, արդար ընտրություններ չեն լինելու: Ուղղակի լինելու է կռիվ. ով ուժեղ եղավ, ով մրցունակ եղավ՝ նա էլ կկարողանա մեծ տեղ վերցնել: Ես կարծում եմ, որ հիմնական պայքարը կգնա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը շատ ավելի թույլ են այդ ուժերի հետ մրցակցելու համար»,- ասաց Արմեն Բադալյանը:
Մեր այն հարցին, թե ընտրողի վրա ինչպե՞ս կազդի ԲՀԿ-ի երկակի պահվածքը, մասնավորապես, երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Սերժ Սարգսյանի երդմնակալությունից, սակայն նրա ղեկավարած խմբակցության շատ ներկայացուցիչներ մասնակցեցին ԱԺ հատուկ նիստին, քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ դա էական նշանակություն չի ունենա:
«Ընտրողն ավելի շատ ուշադրություն կդարձնի ԲՀԿ-ի քարոզարշավին: Ընտրողների մեծ մասին, հավատացեք, չի հետաքրքրում՝ մի քանի պատգամավոր մասնակցեց երդմնակալությանը, թե՝ ոչ: Նրան ավելին շատ հետաքրքրում են գործարար կյանքի բարելավումները, իր շենքի վերելակը կամ փողոցի ասֆալտապատումը»,- համոզված է Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին, ապա այն, Արմեն Բադալյանի համոզմամբ, ֆավորիտ չէ, քանի որ ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է Երևանի քաղաքապետի պաշտոնի կարևորությունը և ամեն մեթոդի կդիմի մեծամասնություն ունենալու: Հետևաբար նաև քաղաքապետ նշանակելու համար:
«Բարև, Երևան» դաշինքի հաջողությունը, Արմեն Բադալյանի կարծիքով, կախված է նաև մրցակիցների անցկացրած քարոզարշավից: «Եթե մնացած ուժերը բավականին ակտիվ և կրեատիվ ընտրարշավ իրականացնեն, Րաֆֆի Հովհաննիսյանի և «ժառանգություն» կուսակցության դաշինքը չի ստանա այն ձայները, որոնք ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ»,- կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը:
Նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունները ևս վերաբերում են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին: «Փետրվարի 18-ին դե յուրե և դե ֆակտո նախագահական ընտրություններն ավարտվել են, և «Ժառանգություն» կուսակցությունը, տարբեր միջոցառումներ իրականացնելով, շատ սահուն կերպով փետրվարի 18-ից եկավ-հասավ ապրիլի 7, երբ պաշտոնապես սկսվեց քարոզարշավը: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կուսակցությունն ունեն ծրագրեր, որոնք տանում են դեպի Երևանի ավագանու քվեարկություն»,- ասաց Արմեն Բադալյանը: