Անդրիաս Ղուկասյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը, որպես ընդդիմադիր շարժումը տանող, այսուհետև ավելի ցածր է լինելու»
«Իմ կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը, որպես ընդդիմադիր շարժումը տանող, այսուհետև ավելի ցածր է լինելու և ավելի կարևոր է լինելու ավելի շատ ուժեր, մասնակիցներ ներառող կոլեկտիվ պատասխանատվություն կրող մարդկանց դերակատարությունը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրավիրված քննարկմանն ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Վերոհիշյալ տեսակետն Անդրիաս Ղուկասյանը հայտնեց ի պատասխան այն դիտարկմանը, թե նրա խոսքում զգացվում էր «ցտեսություն, Րաֆֆի Հովհաննիսյան» երանգը:
Այսպիսի եզրահանգմանը լրագրողը եկել էր մասնագիտությամբ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետևյալ կարծիքից. «Երեկվա երթը ցույց տվեց, որ կարգադրիչներ չկային, և շատ հանրահավաքների համար կարևոր շատ բաղադրիչներ չկային: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր գործողությունները պլանավորում է իր ռեսուրսների շրջանակներում, և այսքանն է նրա շրջանակը,- ասաց Ղուկասյանը և ավելացրեց,- Ես շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա այս 50 օրվա ընթացքում կարողացավ սպասարկել բողոքական ձգտումները: Այս մակարդակը եղել է իր կարողությունների մաքսիմումը, և համարում եմ, որ մենք պիտի դա արձանագրենք և շարժվենք առաջ»:
Մյուս կողմից` պետք է նշել, որ Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, թե ինքը Բաղրամյան պողոտայում արել է այն, ինչ կաներ ցանկացած քաղաքացի կամ նույնիսկ լրագրող, և փորձել է կազմակերպել ինքնաբուխ շարժումը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմակիցներն այնտեղ չէին: Եվ միաժամանակ չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե ինքն այդ պահին փոխարինել է Րաֆֆի Հովհաննիսյանին և գլխավորել է ընդդիմությունը:
Իսկ մինչ այդ Անդրիաս Ղուկասյանը պարզաբանել էր, թե ի՞նչ է երեկ տեղի ունեցել:
«Երբ ես հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր քաղաքական թիմը հեռացել են Բաղրամյան պողոտայից, և երթի մասնակիցների մեծ մասը չեն հետևել և նույնիսկ չեն լսել իրենց կոչին` փոխել ուղղությունը և գնալ դեպի Ծիծեռնակաբերդ` Սարյան փողոցով, բնականաբար, գտնվում էի ոստիկանության և քաղաքացիների բախման առաջին գծում, ընդունեցի որոշում, որ իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը այս ինքնաբուխ տեղի ունեցող միջոցառման համար և իրազեկեցի այդ մասին քաղաքացիներին և Ոստիկանությանը»,- ասաց Ղուկասյանը:
«Առաջարկեցի քաղաքացիներին անել նստացույց, մինչև որ Ոստիկանությունը չբացի ճանապարհ` դեպի Բաղրամյան 26, որտեղ հնարավորություն կտրամադրվի շարունակել նստացույցը և քաղաքացիների բողոքը մատուցել երկրի իշխանությանը»,- ավելացրեց նա:
Միաժամանակ Ա.Ղուկասյանը նշեց, որ, իր կարծիքով, քաղաքացիների պահանջն օրինական էր, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանափակում է ոստիկանների գործողությունները, իսկ Ոստիկանության որոշումը` ցրելու երթի մասնակիցներին, համարեց ոչ օրինական և սխալ:
Նա սխալ որոշում համարեց նաև իրեն բերման ենթարկելը Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժանմունք, քանի որ, ըստ նրա, ինքն այդ պահին կարողանում էր որոշ չափով կառավարել այդ ինքնաբուխ իրադրության մեջ գտնվող քաղաքացիներին: