Վրաստանի ՊՆ-ը սկսում է վերլուծել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ռազմական գործողությունները
Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ մոտ ժամանակներս իրենք սկսելու են գնահատական տալ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ մղված ռազմական գործողություններին:
Ալասանիայի խոսքերով՝ դա չի լինի քաղաքական գնահատական, փոխարենը վերլուծության են ենթարկվելու մի շարք հարցեր. օրինակ, ինչպե՞ս է գործել ռեզերվը, ինչո՞ւ չի իրականացվել գյուղերի տարհանում:
Ալասանիան ընդգծել է, որ բազում հարցեր է առաջացնում այն, թե ինչպես է ծախսվել այն 8 միլիարդ գումարը, որը հատկացվել է բանակին և ինչով է պայմանավորված ռազմական պարտությունը: Նա շտապել է նկատել, որ քննարկման ենթակա չէ այն, որ այդ պատերազմը սկսել է Ռուսաստանը.
«Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ և օկուպացրել է նրա տարածքները: Ոչ ոք դա կասկածի տակ չի առել մինչ այս և չի առնի հետագայում: Փաստացի նյութերը կասկած չեն հարուցում:
Սակայն մեզ հետաքրքրում է, թե ինչու Վրաստանը չի կարողացել պաշտպանել իրեն՝ հետագայում իրական դոկտրին ունենալու և նույնը չկրկնելու համար»: