
Եզդի կինը գնացել էր Մարզահամերգային համալիր՝ իր բողոքը ներկայացնելու Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, ազգությամբ եզդի Հնար Ղալոյանը սպասում էր ՀՀ նորընտիր նախագահին: Նա պնդում էր, թե ինքը բողոք ունի հայտնելու Սերժ Սարգսյանին:
«Ասելիք ունեմ, որ Հայաստանում մեզ ճնշում են, մենք փոքրամաս ազգ ենք, մեզ զոռով դուրս են հանում էս երկրից, որտեղ բողոքում ենք, մեր բողոքը հաշվի չեն առնում»,- ասաց 6 երեխաների մայր Հ. Ղալոյանը:
Վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Կոտայք գյուղում, որտեղ գյուղապետը, սակայն, նրա ասելով` զավթել է իրենց տունը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է գյուղապետը զավթել իր տունը, կինը պատասխանեց. «Որովհետև դարերով աչքը վերն էր, որովհետև իրենը բուն էր, իմը` տուն էր: Աչքր վրեն էր, մինչև վերցրեց»,- նշեց եզդի կինը, ում խոսքով` արդեն չորս տարի է` բողոքում է այս մասին, սակայն իր բողոքը տեղ չի հասնում:
Ավելի ուշ` կինը նշեց, որ գյուղապետը համաձայնության էր եկել իր ամուսնու հետ, և իր 100.000 դոլար արժողությամբ տունը գնել է 20.000 դոլարով: Կինը, սակայն, ասաց, որ ինքն ու իր ամուսինն ամուսնալուծվել էին այդ ժամանակ: «Գյուղապետը կեղծ դավերնեստ է սարքել, տունը վաճառել է, մեզ էլ Հայաստանի գրանցումից հանել է»,- ասաց Հ. Ղալոյանը: