«Կա´մ տվեք ձեր հրաժարականը, կա´մ եկեք ձերբակալեք ինձ հիմա». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ոչ կեղծ երդումներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- այսպես այսօր` Նոր Հայաստանի երդմնակալության օրը, սկսեց իր խոսքը «Բարևի» շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով գրեթե լեփ-լեցուն Ազատության հրապարակում:

«Մենք այսօր կեղծ երդում չենք տալու, մենք տալու ենք Հայաստանի, մեր իրավունքի, մեր Նժդեհի, մեր Լեոնիդ Ազգալդյանի, մեր երեխաների երդումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Խոսելով այդ պահին Մարզահամերգային համալիրում ընթացող նախագահի երդմնակալության արարողության մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին բացել Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

«Էդ մյուս դահլիճում երևի միլիոններ են ծախսել մեր փողերից, բայց այսօր մեր օրն է, մեր հաղթանակն է»,- շեշտեց «Ժառանգության» ղեկավարը:

Րաֆֆի Հովհաննիսյանը չմոռացավ հիշատակել նաև Ոստիկաննությանը և դիմելով նրանց` ասաց. «ոստիկաններ, պատրաստվեք, մենք գործը միասին պետք է անենք», ինչից հետո լսվեց ամբոխի բացականչությունը` «մի-ա-ցում»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ առաջինը պետք է ասել Հայաստանի քաղաքացու անունը և հետո նոր նախագահի, քանի որ, իր խոսքերով, ՀՀ քաղաքացին հաղթել է:

«Աստված իր լույսն իջեցնում է Ազատության հրապարակի, մեր եղբայրների, մեր քույրերի վրա»,- ասաց նա:

Շարունակելով իր կոչն` ուղղված գործող իշխանություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «մեր հայրենիքն ազատված է ձեր կեղծ երդումներից, ձեր ճիրաններից…Դարձի եկեք դեպի ժողովուրդը, մենք այլևս ձեր ստրուկը չենք»:

«Սերժ Սարգսյան` ձեր մանկլավիկներով, չգիտեմ, մարզպետներով, Աստված մեր ժողովրդին ժամադրել է իր թագավորություն, որը հավատացյալների, այլ ոչ թե 30 արծաթով ծախվածների համար է»,- նշեց նա: Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ վաղը լինելու է Հայաստանի արշալույսը, և բոլորին հրավիրեց դրան մասնակից լինելու:

«Այո´, Սերժ Սարգսյան, զորավար` Վլադիմիր Գասպարյան, Սեյրան Օհանյան, դատախազ` խարդախ, կա´մ տվեք ձեր հրաժարականը, կա´մ եկեք ձերբակալեք ինձ հիմա, եկե´ք տղեք»,-շարունակեց Ր.Հովհաննիսյանը:

Ամբոխը սկսեց վանկարկել` «Րաֆֆի, նախագահ», բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բացականչել միայն «Հայաստան»: Սակայն քաղաքացիներ պահանջները կարծես այլ էին, և աստիճանաբար «Հայաստան» բառը փոխարինվեց «Սերժիկ, հեռացիր» կոչով, ինչին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «ձեզ լսեցի, հարգում եմ ձեր տեսակետը, Սերժն արդեն հեռացել է», բայց նաև ավելացրեց:. «էդ Րաֆֆին, Սերժը, Ռոբերտը, Լևոնը ո՞ւմ շունն են, ունենք մեկ Հայաստան, տվե´ք «Հայաստան»»:

Հետո կրկին հիշեց ՄՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններն ու ասաց. «Կա´մ ժամը 6-ին, Սե´րժ Սարգսյան, Վեհափա´ռ Հայրապետ, միանում եք ժողովրդին, կա´մ դեսպանների հետ  խմում եք ձեր վերջին կենացը»:

Տեսանյութեր

Լրահոս