Բաժիններ՝

«Երիտասարդությունը չի տարբերում ազգային երաժշտական գործիքները»

«Ես ինքս ժողովրդական երաժշտության մեծ սիրահար լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ թառը, քամանչան և մյուս ազգային գործիքները պետք է դուրս բերել և ավելի ժամանակակից դարձնել: Այս գործիքների համար նոր ստեղծագործություններ պետք է գրվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի անդամ Միքայել Ոսկանյանը:

– Միքայել, կպատմե՞ք՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք թառ նվագել:

– Պատահաբար լսեցի թառի ձայնը և որոշեցի նվագել: Մինչ այդ ժողովրդական ոճում երգում էի և միշտ ուզել եմ ժողովրդական որևէ գործիքի տիրապետել: Ծանոթ էի քամանչային, բայց, երբ լսեցի թառի ձայնը, միանգամից որոշեցի թառ նվագել, որովհետև այն ինձ շատ հոգեհարազատ էր:

Mikayel (1)– Դժվա՞ր է թառ նվագելը:

Կարդացեք նաև

– Կարծում եմ՝ հեշտ գործիք չկա, կա միայն ցանկություն և սեր գործիքի նկատմամբ:

– Կպատմեք՝ թառն ինչի՞ց է պատրաստվում:

– Թառի պատրաստման լավագույն տարբերակը հետևյալն է. հիմնական մասը պատրաստվում է թթենու փայտից, իսկ գրիֆը՝ ընկուզենու փայտից: Թթենին այն փայտն է, որն արտահայտում է իսկական թառի հնչողությունը: Թառի վրա կա նաև թաղանթ, որը տավարի սրտի վրայի մշակած փառն է: Սա ևս ազդում է ձայնի վրա:

– Միքայել, որպես անհատ երաժիշտ՝ տարբեր երկրներում համերգներ եք ունեցել: Դրսում թառի հնչյուններն ինչպե՞ս են ընկալում:

– Դրսում բոլորին թառի և՛ հնչերանգը, և՛ գործիքի ձևը, և՛ թառի մատուցման ձևը շատ է հետաքրքրում: Ընդհանրապես Արևմուտքում թառի ձայնը էկզոտիկ տպավորություն է թողնում:

– Ի՞նչ եք կարծում՝ մեր ազգային գործիքները ներկայացվելու կարիք ունե՞ն:

– Այո: Մեր գործիքները ժամանակակից ձևով ներկայանալու բոլոր հնարավորություններն ունեն, պետք է ուղղակի դրանք դուրս բերել, մատուցել այնպես, ինչպես այսօրվա կյանքի ռիթմն է, այնպես, ինչպես մեր երիտասարդությունը կցանկանա լսել մեր ազգային գործիքները:

Mikayel (3)– Ինչպես հայտնի է՝ ադրբեջանցիները թառը ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ազգային գործիք են գրանցել…

– ՅՈՒՆԵՍԿՕ-ն երևի չգիտեր՝ թառն ի՞նչ գործիք է, այդ պատճառով էլ ադրբեջանցիներն առաջինը ներկայացրեցին, իրենք էլ ընդունեցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսումնասիրելու ժամանակ էլ չունեցավ: Կարծում եմ՝ մենք ադրբեջանցիներից ավելի շուտ ներկայացնելու բոլոր իրավունքներն ունեինք: Մենք կարող էինք օգտվել այդ առիթից: Թառն ավելի շատ հայկական գործիք է, քան ադրբեջանական: Նրանց նվագելու ոճն էլ մեր սովորեցրածի արդյունքն է: Իրենց ոճը Սողոմոն Սեյրանյանի հիմնած կատարողական դպրոցի հիման վրա է:

– Ե՞րբ ստեղծվեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը:

– «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ստեղծվել է 2011 թվականի վերջին: Առաջին անգամ համերգ ենք տվել 2012 թվականի մարտի 16-ին: Այդ ժամանակ ես մենահամերգ էի կազմակերպել և ունեի թառի համար նախատեսված մի քանի ստեղծագործություններ: Հրավիրել էի երաժիշտ իմ ընկերներին, որոնց հետ միասին պատրաստեցինք համերգի ծրագիրը: Մենահամերգը կայացավ, և բենդը չմտածված ձևով ստեղծվեց: Այդ համերգի խորագիրը հենց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էր: Այսպես անունն էլ չփոխվեց և դարձավ մեր բենդի անունը:

– Երևանում հիմնականում հանդես եք գալիս փոքր համերգներով: Ինչպիսի՞ն է այստեղի հանդիսատեսը:

– Ուրախալի է, որ մեր համերգներին շատ տարբեր մարդիկ են գալիս: Եվ ցավալի է, որ երիտասարդությունը մեզանում չի տարբերում ազգային գործիքները: Մեր համերգների շրջանակում ես փորձում եմ ներկայացնել գործիքը: Այս շփումը շատ կարևոր է, և իմ հիմնական նպատակներից մեկն այն է, որ գործիքը ճանաչելի և սիրված լինի: Տա Աստված, որ շատանա թառ նվագել սովորողների քանակը:

Mikayel (4)– Այսօր գործիքին տիրապետելու հետաքրքրվածությունն ինչպիսի՞ն է:

– Առայժմ իրավիճակը տխուր է: Կոնսերվատորիայում ընդամենը երկու ուսանող ունենք: Ադրբեջանում, որքան էլ իրենց գործիքը չէ, գնահատելի է, որ նրանք շատ մեծ ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչը ձեռք են բերել ուրիշից, բայց իրենցն են սարքել: Այնտեղի Կոնսերվատորիան տարեկան 70-80 թառիստ է տալիս: Պետք է նկատի ունենալ նաև սոցիալական հարցերը լուծելու խնդիրը: Երեխան ինչո՞ւ պետք է սովորի թառ նվագել, եթե հետագայում դրանով չի կարողանալու գումար աշխատել:

– Ընդհանրապես թառ նվագելը շահութաբեր չէ՞:

– Ես կարողանում եմ թառ նվագելով գումար վաստակել: Խնդիրը գործիքը ներկայացնելու, մատուցելու ձևի մեջ է: Ցանկացած բան, եթե չի զարգանում՝ լճանում է, և դրանով չես կարող գումար աշխատել, պետք է անընդհատ զարգացնել: Հնարավոր է, որ տասը տարի հետո ես այս գործիքով բոլորովին այլ բան նվագեմ, որն այն ժամանակին համահունչ կլինի: Պետք է քայլել ժամանակին համընթաց: Հինը չենք մոռանում, բայց պետք է նկատի ունենանք, որ հինն էլ կարող ենք ժամանակակից ձևով ներկայացնել: Եթե հնի հետ մեկտեղ՝ գրվեն նաև ժամանակակից ստեղծագործություններ, թառն ավելի կտարածվի: Մարդիկ պետք է տեսնեն և հասկանան, որ այս գործիքը հետաքրքրում է և՛ տեղի, և՛ դրսի հանդիսատեսին, պրոդյուսերներին: Գործիքի նկատմամբ պետք է ցանկություն և սեր առաջացնել:

-Ի՞նչ նորություններ սպասենք բենդի կողմից: Ավելի մեծ լսարանի առջև ելույթ ունենալու մտադրություն չկա՞:

– Իհարկե, կա ցանկություն և մտադրություն, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին պետք է արվի: Մենք նվիրված աշխատում ենք, մնացածն իր ժամանակին կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս