Բաժիններ՝

Ցախկեռասը նվազեցնում է ճնշումը

Ցախակեռասենին (Lonicera) ցախակեռասազգիների (caprifoliaceae) ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ է։ ՀՀ բնական պայմաններում տարածված են` ցախկեռաս կովկասյանը, վրացականը և ցախկեռաս այծի տեսակը, որը մինչև 5-7 մ բարձրությամբ լիանանման թուփ է։ Անհիշելի հին ժամանակներից Հայաստանում մշակվել է ցախկեռաս թաթարականը։ Բնության մեջ հանդիպող շուրջ 250 տեսակներից ուտելի են ընդամենը մոտ մեկ տասնյակի պտուղները։
Ցախկեռաս ուտելին (L.edulis) 1-1,5 մ բարձրությամբ մոխրագույն կամ դեղնավուն կեղևներով թուփ է։ Կեղևն անջատվում է նեղ շերտերով։ Երիտասարդ ընձյուղները կարմրամանուշակագույն են, խավապատ։
Տերևները պարզ են, կարճակոթուն, բարակ թաղանթով, երկարավուն-ձվաձև, 1,5-6 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնքով։ Տերևի վերևի կողմը կանաչ է, ներքևինը` կապտականաչ։ Դեղին ծաղիկները զույգերով (1-2) տեղակայված են տերևածոցերում։ Բուսաճական բողբոջները բացվում են ծաղկելուց հետո։ Ծաղկում են մայիս-հունիսին։ Պտուղը հյութալի է, մուգ կապույտ, ծածկված մոմի փառով։ Պտղամիսը կարմրամանուշակագույն է, բուրավետ, ունի երեք համ` քաղցր, թթու, դառը։ Պտուղը կլոր է, ձվաձև կամ ձվաձև ձգված. պտուղները զարգանում են զույգերով և գրեթե միշտ սերտաճում են։ Պտղի չափերը տատանվում են. երկարությունը` 1,2-3,3 սմ, լայնքը` 0,6-1 սմ։ Պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին` ոչ հավասարաչափ։ Պտղաբերում է 4-րդ տարում, կյանքի տևողությունը մինչև 90 տարի է։
Ցախկեռասը ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն, խոնավասեր և լուսասեր, սակայն նաև ստվերատար է, դիմանում է նույնիսկ երկարատև երաշտին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Կախված շրջակա պայմաններից` փոխվում է պտղի համը, չափերը, տարբեր մասերում պարունակվող օգտակար նյութերի քանակությունը։
Ցախկեռասի ուտելի պտուղը պարունակում է մոտ 20-50 մգ ասկորբինաթթու (100 գ հումքի մեջ), 400-1500 մգ ռուտին, B1 և B2 վիտամիններ` 2,5-4 մգ, պեկտինային նյութեր` 1-1,5 տոկոս, շաքարներ` 3-13 տոկոս, կարոտին, դաբաղանյութեր, ներկանյութեր։ Պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
Հայտնի է, որ հիպերտոնիայի զարգացումը կանխարգելելու համար պետք է որ ասկորբինաթթվի (C) և ռուտինի քանակությունների հարաբերությունը լինի C։P=1։5, իսկ բուժիչ է C։P=1։10 արժեքը։ Հիվանդությունների կանխարգելման համար մեր օրգանիզմին անհրաժեշտ է օրական 75 մգ վիտամին C և 100 մգ ռուտին։ Ցախակեռասի պտուղը լիովին բավարարում է նշված պայմանին։
Թարմ պտուղն օգտակար է սրտի իշեմիկ հիվանդության, ստենոկարդիայի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի (բոլոր փուլերում) դեպքում, կանխարգելում է երկաթի սակավության հետևանքով առաջացած անեմիայի զարգացումը։ Պտղից, տերևից, ծաղիկներից, ճյուղի կեղևից ստացված պատրաստուկները կարգավորում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ունեն արյունատար մազանոթներն ամրացնող հատկություն։ Կանխարգելում են ճարպակալումը։
Բույսից ստացված պատրաստուկները խորհուրդ են տրվում նաև ստամոքսահյութի ցածր թթվայնության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, լյարդի հիվանդությունների դեպքում, հեռացնում են օրգանիզմից ծանր մետաղները, այլ վնասակար նյութեր։
Ժողովրդական բժշկության երկարամյա փորձը ցույց է տվել, որ ծաղիկի կամ տերևի թուրմն օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման դեպքում։
Մատղաշ ճյուղերի եփուկը խորհուրդ է տրվում ջրգողության դեպքում։ Պտուղներից ստացված հյութն ունի հակաբորբոքային, հականեխիչ, կապող և միզամուղ հատկություններ` կարող է փոխել յոդը և Զելենինի կաթիլները, նվազեցնում է ցանկացած բնույթի այտուցվածությունը։
Տերևի թուրմ. 10 գ թարմ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ` լուծի, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցվածության դեպքում։ Դրեք թրջոց և լվացեք վերքերը, տրոֆիկ խոցերը, այրված մասերը։
գ 1 թ/գ չորացրած տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։
Սկսվող անգինա. Կատարեք ողողումներ տերևի թուրմով կամ 5-10 րոպե ծամեք տերևը։
Աչքերի հոգնածություն, ցավ. Տրորեք տերևը, դրեք կոպերի վրա, պահեք 10 րոպե։
Պտղի թուրմ. 20 գ չորացրած պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` հիպերտոնիայի, կոլիտի հետևանքով առաջացած լուծի, անեմիայի, հիպովիտամինոզի դեպքում։
Հիշողությունը լավացնող, գլխացավ. 20 գ թարմ պտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Դրեք թրջոցներ` տերևի թուրմով, ողնաշարի պարանոցային հատվածին, քնելուց առաջ։
Եփուկ. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը։ 20 գ կեղևը կամ մատղաշ ճյուղը 15 րոպե եփեք 200 մլ ջրում, թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` լուծի, ստամոքսաբորբի, դիսբակտերիոզի, այտուցի դեպքում։ Եփուկը լավացնում է ախորժակը։
Ռևմատիզմ. 200 գ կեղևը 5 րոպե եփեք 5 լ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք, ավելացրեք լոգանքի ջրին (35-37 C)։
Միզապարկի բորբոքում. Խառնեք 20-ական գ չորացրած տերև և մատղաշ ճյուղ, 10 րոպե եփեք 300 մլ ջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց հետո։
Հիպերտոնիա. Խառնեք կեսական թ/գ չոր կեղև և տերև, 10 րոպե եփեք 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Ցախկեռասի հյութ. Տրորեք պտուղը, մզեք հյութը, մզուկին (քուսպ) ավելացրեք ջուր (5։1), 5 ժամ թրմեք, քամեք։ Խառնեք հյութը և թուրմը, դրեք կրակին, պարբերաբար խառնեք, եռալուց առաջ անջատեք կրակը։ 3 ժամ թրմեք, զգուշորեն քամեք, նստվածքը թափեք, լցրեք շշերի մեջ, ստերիլիզացրեք։ Անհրաժեշտության դեպքում` եթե հյութը շատ թթու է, 1 լիտրի մեջ լուծեք 100-200 գ շաքար։
Մուրաբա. Աղացեք պտուղը, խառնեք շաքարի հետ (2։3), տաքացրեք թույլ կրակի վրա` մինչև շաքարը լուծվի, լցրեք շշերի մեջ, ստերիլիզացրեք։
Լավաշ. Քամեք հյութը, պտղի մնացորդը (քուսպը) խառնեք շաքարի հետ, 4 ժամից խառնուրդը 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Գրտնակեք զանգվածը, չորացրեք ջեռոցում, կտրատեք։

 

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս