
Facebook-ի ղեկավարությունը ներկայացրել է սպասված նորույթը

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը երեկ երեկոյան Կալիֆոռնիայում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է ընկերության այդքան սպասված նորույթը, որը, սակայն, չի արդարացրել մասնագետների կանխատեսումները. ընկերությունը ներկայացրել է ոչ թե Facebook հեռախոս, այլ բջջային հեռախոսի համար նախատեսված հեղափոխական հավելված, գրում է «The Telegraph»-ը:
Facebook Home անվանումը ստացած նորույթը նախատեսված է միայն Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերում կիրառվելու համար։
«Facebook-ն իր ապագան ավելի շատ տեսնում է բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների ոլորտում, քան անձնական համակարգչի էկրանին»,- ասել է Մ. Ցուկերբերգը:
Հավելվածը պարունակում է նոր գործառույթներ հաղորդագրությունների փոխանակման և ընկերների լուսանկարները դիտելու վերաբերյալ։ Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել Google Play Store-ից՝ ապրիլի 12-ից։
Նոր հավելվածի օգտագործման լավագույն տարբերակը, ըստ մասնագետների, սմարթֆոնի գնումն է, որը նախապես Facebook Home-ն իր մեջ ներառում է։
Նշենք, որ թայվանական HTC ընկերությունն արդեն ներկայացրել է Facebook Home հավելվածն իր մեջ նախապես ներբեռնված HTC First սմարթֆոնը, որը սկզբում վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, իսկ ամռանը՝ նաև Եվրոպայում։