![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է երդվել, թող երդվի, բայց թույլ չենք տա, որ դա անի մեր անունից, մեր ընտանիքի անունից». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/nikol-pashinyan-raffi-hovhannisyan.jpg)
Ինչու օտարերկրյա պետությունների ղեկավարները շնորհավորեցին Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում այսօր ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ այն պետությունների նախագահներին, ովքեր «միանգամից շնորհավորեցին Սերժ Սարգսյանին՝ իբր Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ»:
Փաշինյանը նշեց, որ հարգանքով է վերաբերում թեմայի շուրջ արտահայտված կարծիքներին, բայց կարծում է, որ թեման ունի վճռորոշ հանգամանք: «Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի նախագահները իրենց ծառայության բերումով պարտավոր են արձանագրել իրողություններ: Տվյալ դեպքում իրողության արձանագրումն այնն է, որ, ըստ ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքների, Սերժ Սարգսյանը վերընտրվել է նախագահ: Որևէ պետության ղեկավար չի կարող առաջնորդվել այն սկզբունքով, որ պետք է կասկածի պետությունների ԿՀԸ-ների արդյունքները: Հակառակ դեպքում՝ միջազգային քաոս կստեղծվի, խառնաշփոթ»,- պարզաբանեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ միթե՞ հնարավոր չէ չեզոքացնել այս իրողությունը: Իսկ պատգամավորի համար հարցի պատասխանը միանշանակ է. «Հնարավոր է և ԿԸՀ տխրահռչակ արձանագություն սահմանացած իրողությունը պետք է չեզոքացնել՝ քաղաքական, քաղացիական պայքարի միջոցով»: Ըստ նրա՝ հզորագույն քայլը, որը կարող է բեկել վերոգրյալ իրողությունը, ապրիլի 9-նի հանրահավաքն է: «Պատկերացրեք մի տեսարան, որ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում նեղ շրջանակի առաջ երդում է տալիս, իսկ ՀՀ քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում՝ ի նշանավորում այն բանի, որ Սերժ Սարգսյանին չեն ընտրել որպես ՀՀ նախագահ ու չեն ճանաչում նրա իշխանությունը»,- մասնավորեցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր համար առանցքային չի եղել հանրահավաքի մասնակիցների թիվը, բայց նշեց, որ ապրիլի 9-ի հանրահավաքը բացառիկ դեպք է ու այդ թիվը կարևոր է, որովհետև, նրա խոսքով, դա սովորական հանրահավաք չէ, այլ՝ ուրիշ քաղաքական իրողության ձևավորում, որը ծանրակշիռ քաղաքական իրադարձություն դառնալով՝ պետք է դառնա հաշվի նստելու առիթ:
«Այդ օրը պետք է հաշվարկվի յոթ, ութ ինը հարյուր հազարավոր հանրահավաք: Դա պետք է լինի ոչ թե հանրահավաք, այլ քաղաքացիական օվկիանոս: Չեմ ուզում խոսել, թե ինչ կանխատեսում ունեմ ապրիլի 9-ին. ես ունեմ ընտանեկան որոշում՝ ապրիլի 9-ին ժամը 11:00-ին առանց մեկ րոպե ուշացման, ընտանիքիս ու մանկահասակ երեխաներիս հետ լինելու եմ Ազատության հրապարակում: Այդ օրը իմ երեխաները դասի չեն գնալու, մենք գործի չենք գնալու: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է երդվել, թող երդվի, բայց թույլ չենք տա, որ դա անի մեր անունից, մեր ընտանիքի անունից»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, թե ինքը իր ընտանիքի հետ գալու է Ազատության հրապարակ` իր «ընտանքի անունը տարանջատելու համալիրում տեղի ունեցող պետական սրբապղծությունից ու հայտարարելու Հայաստանը չի ունեցել, չունի ու չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ»: