Մոլդովայի Գլխավոր դատախազությունն արտոնել է Հայաստանին С-8 տիպի 1500 հրթիռ վաճառելը
Warfiles.ru-ն, վկայակոչելով մոլդովական OMEGA գործակալությունը, հայտնում է, որ այն բանից հետո, ինչ Գլխավոր դատախազությունը հանկարծակիորեն բացարձակապես օրինական ճանաչեց զենքի գործարքները, զենքի խմբաքանակները սպասում են Հայաստան և Ուկրաինա ուղարկվելուն:
Այս մասին մոլդովական գործակալությանը հայտնել է կառավարության պետական գրասենյակում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ այն բանից հետո, ինչ ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվեց զենքի վաճառքի գործարքի և խորհրդարանի հետաքննչական հանձնաժողովի եզրակացության կապակցությամբ, մատակարարումները կասեցվեցին, իսկ մնացյալ զենքը պահեստավորվեց զինապահեստներում:
Աղբյուրն ընդգծել է, որ ոչ վաղ անցյալում Գլխավոր դատախազությունը վճռել է, որ գործարքը մաքուր է, ինչը հնարավորություն է տալիս շարունակել զենքի մատակարարումները, ինչը և կարվի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի ցուցումից հետո: Մասնավորապես, դրանով իսկ Հայաստանը Մոլդովայից կստանա С-8 տիպի 1500 հրթիռ:
Նշվում է, որ Ֆիլատի կառավարությունն առավելագույն գաղտնիության պայմաններում 2011 թվականի սեպտեմբերի սկզբին 60 տոննա մոլդովական հրթիռային սպառազինություն է վաճառել Հայաստանին:
Դրա հետ կապված՝ Մոլդովայում քրեական գործ հարուցվեց 2012 թվականի ապրիլի 25-ին: Դրանից առաջ՝ 2012 թվականի ապրիլի 5-ին, երկրի խորհրդարանն ընդունել էր խորհրդարանի հետաքննչական հանձնաժողովի եզրակացությունը, որում նշված էր, որ այդ գործարքի կնքման ու իրականացման ժամանակ թույլ են տրվել բազում խախտումներ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր նրան, որ Մոլդովայի ՊՆ-ն այդ սպառազինության վաճառքի ժամանակ չի անցկացրել մրցույթ, և դա վաճառել է նվազեցված գնով: Խորհրդարանի հետաքննչական հանձնաժողովը համապատասխան փաստաթղթերն ուղարկել էր Գլխավոր դատախազությանը՝ հետագա հետաքննման համար:
Արդյունքում, խորհրդարանի հետաքննչական հանձնաժողովի եզրակացությունից մեկ տարից անց Մոլդովայի Գլխավոր դատախազությունը փակել է այդ գործը՝ հանցանշանների բացակայության պատճառով՝ այդ մասին անգամ չիրազեկելով խորհրդարանին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ները մեծ աղմուկ բարձրացրին, թե Հայաստանը լատվիական ընկերության միջոցով Մոլդովայում գնել է 60 տոննա զենք, և որ այդ բեռը Քիշնևից Հայաստան է ուղարկվել սեպտեմբերի 13-ին և 14-ին «Իլ-76» ինքնաթիռներով։ Չգիտես ինչու, ադրբեջանական կողմը «մոռանում» է իր կողմից այլ երկրներից (մասնավորապես Իսրայելից) միլիարդավոր դոլարների հասնող սպառազինության գնման մասին: