Արմավիրի մարզում հիմնադրվեց 5հա սելեկցիոն ծիրանի այգի
«Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում հատկացված 5հա տարածքի վրա հիմնադրեցին ծիրանի կոլեկցիոն այգի: Այգում տեղադրելու համար առանձնացվել են ծիրանի 82 սորտեր, որոնց տնկման աշխատանքներին մասնակցեցին նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները՝ Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատակիցները: «Վերջապես մեր ազգային հպարտություն համարվող ծիրանենու արտադրությունը կդրվի բարձր մակարդակի վրա: Կբարձրանան ֆերմերների եկամուտները, կստեղծվի ամուր բազա հետագա սելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար: Մենք տարբեր շրջաններում տարբեր բարձրությունների վրա հիմնում ենք ցուցադրական ծիրանենու այգիներ: Այն հնարավորություն կտա ծիրանի հասունացման ժամանակը երկարացնել, քանի որ բերքի հասունացման ժամանակը շատ կարճ է տևում և մենք բերքի կորուստներ ենք գրանցում: Ծրագիրը հնարավորություն կտա երկարացնելու բերքի հասունացման շրջանը, և մենք բերքի քիչ կորուստ կունենանք»,- ասաց Սերգո Կարապետյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ հիմնված այգիների բերքը նախատեսված է արտահանման համար: Ակնկալվում է մոտակա 2-3 տարիների ընթացքում ցածրասորտ ծիրանենու ծառերից ստանալ հնարավորինս շատ և որակյալ բերք: «Մենք ցանկանում ենք այս 5հա տարածքում հիմնել թանգարանին նմանվող որևէ հաստատություն, որտեղ կներկայացվի ծիրանի ողջ պատմությունը, օգտակարությունը: Այն բաց կլինի բոլոր գիտնականների, ուսանողների համար: Մեր հանրապետության պտղաբույծներն այստեղ հնարավորություն կունենան ուսումնասիրություններ կատարելու, նոր սորտեր ստանալու: Մենք ունենալու ենք մոտակա 1 հա-ի վրա մայրումուտների այգի, որոնք աճեցնելուց հետո տալու ենք գյուղացիներին»,- ասաց Ս. Կարապետյանը:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մասնագետներն իրենց խոսքում նշեցին, որ նման կոլեկցիոն այգիները մեծ նշանակություն ունեն նաև երկրի տնտեսության համար: Դրանք հնարավորություն կտան գյուղատնտեսությանն առավել արագ զարգանալու: Նման կոլեկցիոն այգիները, ըստ մասնագետների, պահանջում են համեմատաբար քիչ աշխատանք և տալիս են շատ բերք: Նշենք, որ սորտերը ցածրացողուն էին և իրենց փոքրության շնորհիվ հնարավորություն են տալիս ֆերմերներին տարածքն առավել ռացիոնալ օգտագործել: Միջին հաշվով, մեկ հա հողակտորի վրա կարելի է տնկել 600-2800 նման տնկի:
Աիդա Ղարիբյան