Ամենաշատը բացակայում է Գագիկ Ծառուկյանը, ամենաակտիվը Արծվիկ Մինասյանն է

5-րդ գումարման ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 135 բացակայություն: Այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից: Այս ցուցանիշով 2-րդ տեղում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` 96, ամենաշատ բացակայող պատգամավորների եռյակը եզրափակում է ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` 78:

Կայքում ներկայացված են նաև ամենաշատ ելույթ ունեցած, ամենաշատ կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկած պատգամավորների անունները:

Այսպիսով, ամենաշատ ելույթ ունեցողների ցանկը գլխավորում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` 52 ելույթ: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը երկրորդն է (40), 3-րդ տեղում ԱԺ միակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է` 33 ելույթ:

Միանգամից 8 պատգամավոր 134-ական անգամ կողմ են քվեարկել, նրանք բոլորը ՀՀԿ-ականներ են` Էդուարդ Շարմազանովը, Արթուր Գևորգյանը, Հայկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Մկրտիչ Մինասյանը, Կարինե Պողոսյանը և Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ամենաշատն է դեմ քվեարկել` 63 անգամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այս ցուցանիշով երկրորդն է` 42, 3-րդ տեղը կիսում են ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը՝ 38-ական դեմ քվեարկություն:

Ամենաշատ ձեռնպահ քվեարկածների ցանկի առաջին երեք տեղերը զբաղեցնում են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը (68), Արմեն Ռուստամյանն (65) ու Աղվան Վարդանյանը (54):

Տեսանյութեր

Լրահոս