Ճապոնիան առաջին անգամ միանգամից 2 տարով է երկարաձգել Փխենյանի դեմ պատժամիջոցները
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն այսօր որոշել է միանգամից երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
Վերջիններիս գործողության ժամկետը սպառվում էր ապրիլի 13-ին: Դրանք ընդունվել են 2006 թվականին: Այդ պատժամիջոցները նախատեսում են արգելել Հյուսիսային Կորեայից ապրանքների ներկրումը Ճապոնիա և Հյուսիսային Կորեայի նավերի կողմից ճապոնական նավահանգիստներ մուտք գործելը, ինչպես նաև կոշտ վերահսկողություն հաստատել Հյուսիսային Կորեա արտահանվող ապրանքների վրա:
2009 թվականին Հյուսւիսային Կորեայից կողմից իրականացված միջուկային փորձարկումներից հետո Ճապոնիան հայտարարեց այդ երկրի հետ առևտրային ողջ գործունեության կասեցման մասին: Մինչև 2009 թվականին պատժամիջոցների փաթեթը երկարաձգվում էր յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, սակայն դրանից հետո դա հասցվեց մինչև մեկ տարվա:
Իսկ ահա այժմ դրանք երկարաձգվել են միանգամից երկու տարով, ինչը որակվում է որպես Ճապոնիայի իշխանությունների կողմից բողոքի նշան ընդդեմ Հյուսիսային Կորեայի քաղաքականության, ավելի վաղ արբանյակով հրթիռակրի արձակման և միջուկային երրորդ փորձարկման: Հյուսիսային Կորեան իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին և ստորգետնյա միջուկային փորձարկումներ է իրականացրել 2006, 2009 և 2013 թվականներին: