Բաժիններ՝

Փախուստ «ապահով» Հայաստանից

Հանրահայտ Gallup կազմակերպության կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները առանց չափազանցնելու կարելի է խայտառակություն համարել մի երկրի համար, որտեղ խոսում են 7% տնտեսական աճից, նոր աշխատատեղերից, փայլուն ապագայից ու ԱՊԱՀՈՎությունից։ Խոսքը վերաբերում է արտագաղթին, կամ ավելի ճիշտ՝ արտագաղթելու մտադրությանը։

 

Նախ նշենք, որ սա ոչ թե այն անհասկանալի Gallup-ն է, որը մշտապես նախընտրական հարցումներ է անցկացնում Հայաստանում՝ նախապատվությունը միշտ տալով իշխանությանը, այլ, այսպես ասենք, իսկական Gallup-ը։

Կազմակերպությունը 2010-2012թթ. ընթացքում հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրների 15 տարեկանից բարձր 4 .072 բնակիչների շրջանում։

Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե հնարավորություն ունենայիք, մշտական բնակության նպատակով կտեղափոխվեի՞ք այլ երկիր, թե՞ կնախընտրեիք շարունակել ապրել ձեր երկրում»։

Աղյուսակը, որտեղ ներկայացված են վերը նշված հարցին դրական պատասխան տված մարդկանց ցուցանիշները (արտագաղթելու ցանկություն հայտնած մարդկանց տեսակարար կշիռը), կարելի է որպես «մրցանակ» շնորհել ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներին։

 

Հայաստան – 40%

Մոլդովա –  32%

Ուկրաինա – 21%

Բելառուս – 17%

Ղրղըզստան – 16%

Ռուսաստան – 14%

Ադրբեջան – 14%

Վրաստան – 14%

Ղազախստան-  13%

Տաջիկստան – 11%

Թուրքմենստան – 6%

Ուզբեկստան – 5%

 

Սա ոչ թե պարզապես շարքային հարցում է, այլ լուրջ ահազանգ։ Ուշադրություն դարձրեք՝ խոսքը ոչ թե աշխատանքային միգրացիայի մասին է, այլ ընդմիշտ երկիրը լքելու մասին։ Սա նշանակում է, որ ՀՀ բնակչության 40%-ը իր ապագան Հայաստանում չի տեսնում։

Իհարկե, այս հարցման արդյունքները նորություն չեն։ Ցանկացած տաքսու վարորդ հիմնավրր կերպով կարող էր ներկայացնել այս վիճակը՝ ապացուցելով, որ ՀՀ քաղաքացիներից շատերը հնարավորություն ունենալու դեպքում վաղն իսկ կմեկներ Հայաստանից։ Համոզված ենք նաև, որ ՀՀ իշխանությունները զուտ ներքին օգտագործման համար նման տիպի հարցում անցկացրել են, և շատ լավ տիրապետում են իրավիճակին։ Սակայն այդ իրավիճակը դրանից ոչ մի կերպ չի բարելավվում։

Ավելացնենք նաև, որ մինչ Gallup-ը ուսումնասիրություններ է իրականացրել նախորդ երկու տարիների ընթացքում, արտագաղթելու ցանկություն ունեցողների մի մասն արդեն ի կատար է ածել այդ ցանկությունը։ Հիշեցնենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ից մեկնածների և ՀՀ ժամանածների  տարբերությունը մոտենում է 200 հազարին։ Իսկ 2013 թվականի հունվար-փետրվարին միգրացիայի բացասական հաշվեկշիռը (զուտ արտագաղթը) գերազանցել է 22 000-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս