Բաժիններ՝

Ծաղիկները թանկացել են

Ծաղիկների գները զգալի աճել են: Այս մասին են վկայում թե՛ ծաղկավաճառները, թե՛ գնորդները, ովքեր իրենց սիրելի կանանց «միամսյակը» ծաղիկներով շնորհավորելու համար բավական կլորիկ գումար էին առանձնացնում: Կանանց տոնի «միամսյակի» կապակցությամբ ծաղիկների գների հավանական բարձրացումը կարծես սովորական է դարձել գնորդների համար: Ավանդական դարձած վաճառողի հոգեբանությունը ծանոթ է բոլորին: Մարդիկ կարծում էին, որ մարտի 8-ից հետո գները որոշակիորեն կնվազեն, սակայն ծաղիկների գնանկում այդպես էլ չնկատվեց: Ծաղկի գների ինքնանպատակ բարձրացումների մասին խոսել են նաև մասնագետները՝ նշելով, որ շուկայի վերահսկողություն չկա: Բարձիթողի վիճակի պատճառով, վաճառողը սահմանում է այն գինը, ինչն իր գրպանին առավել հարմար է:

168.am-ը շրջեց քաղաքի ծաղկի խանութներով՝ պարզելու համար, թե ինչո՞ւ չեն նվազում ծաղիկները գները, և արդյոք այդ գները կպահպանվե՞ն ողջ տարվա ընթացքում: Իսկ միգուցե միայն տոնական օրերո՞վ կսահմանափակվեն գներն աճեցնել:  «Ծաղիկների գները մենք չենք բարձրացնում: Գնում ենք բավական թանկ գնով, ուստի մի փոքր էլ ավելացնելու դեպքում գինը զգալի է լինում: Ջերմոցատերերի խնդիրն է առաջնայինը, նրանք են հիմնական գին սահմանողները»,- ասաց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ծաղկի խանութներից մեկի վաճառողուհի Լիլիթ Հովսեփյանը:  Նույն կարծիքին էին նաև կենտրոնի ծաղկի սրահի վաճառողները: «Մենք մեր ծաղիկները հիմնականում գնում ենք շաբաթ-կիրակի օրերին՝ ծաղկի մեծ շուկայից: Գնումները կատարում ենք հիմնականում առաջին ձեռքից, բայց գների բարձրացումը ծաղիկ մշակողներով է պայմանավորված: Օրինակ, անցյալ տարի գարնանային ծաղիկները՝ կակաչները, գնում էինք ավելի էժան, իսկ հիմա հոլանդական կակաչների հատը ձեռք ենք բերում 400-500 դրամով: Բնական է, որ մի փոքր գինն ավելացնելու դեպքում էլ գնորդները կնկատեն ծաղկի գնի աճը: Կարծում եմ՝ այս տարի, կանանց միամսյակին զուգահեռ, մեռելոցը ևս մեծ դեր խաղաց գների՝ անփոփոխ մնալու վրա: Կարծում եմ՝ մինչև ապրիլի վերջ գները նույնը կմնան, չնայած պակաս հավանական է, որ այս տարի ծաղկի որևէ տեսակ էժան գին կունենա»,- ասաց ծաղկավաճառ Վարդան Ղազարյանը:

Մենք զրուցեցինք նաև ֆերմեր Ղևոնդ Կարապետյանի հետ, ով ջերմատներ ունի և զբաղվում է ծաղիկների մշակությամբ: «Ձմռանը ծաղիկների խնամքը բավական ծախսատար է, շատ ջերմություն, պարարտանյութ, թունաքիմիկատներ են հարկավոր լավ բերք ստանալու համար: Շատ գումար ենք ծախսում, դրանից էլ գները բարձր են լինում»,- ասաց ֆերմերը:

Այսօր շուկայում ծաղկի գները ևս փոփոխության չեն ենթարկվել: Հոլանդական վարդի մեկ հատը կարելի է գնել 1000 դրամից սկսած, կակաչի մեկ հատը՝ 400-500 դրամով, նարգիզի մեկ հատը՝ 150-200 դրամով, իսկ միջին չափի կոմպոզիցիաների գները հիմնականում տատանվում են 4000-10.000 դրամի սահմաններում: Նախորդ տարվա համեմատ, այս տարի գնորդներն առավել շատ նախապատվություն են  տվել վարդերին՝ չնայած գարնանային եղանակին և առաջարկվող լայն տեսականուն: «Կակաչները թանկ են, քչերն են կակաչի հատին 500 դրամ գումար տալիս, նախընտրում են ինչ-որ փոքրիկ փունջ գնել 3000 դրամով, ու վերջ: Չնայած այս տարի նարգիզները ևս շատ են վաճառվել: Ինչ վերաբերում է վարդերին, ապա սովորական է, որ մարդիկ նախապատվությունը վարդերին են տալիս՝ շքեղ ծաղիկներ են, բայց  ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ մարդիկ գարնան այս եղանակին, գարնանային ծաղիների լայն տեսականու մեջ, նախապատվությունը կրկին վարդին են տալիս: Երևի, եթե կակաչի գինը մի փոքր էժան լիներ՝ մարդիկ կգնեին: Շատ են հարցնում կակաչի կապոցի գինը, բայց քչերն են հնարավորություն ունենում գնելու»,- ասաց ծաղկավաճառ Գոհարիկ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս