Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը: Այս մասին տեղեկացնում է իռլանդական RTE ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։
«Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարում են, որ մենք ճանաչում ենք Պաղեստին պետությունը։ Մեզնից յուրաքանչյուրն այժմ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի իր երկրում՝ այդ որոշման՝ ուժի մեջ մտնելու համար», – նշել է Հարիսը։
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա շաբաթներին այլ երկրները նույնպես կհետևեն Իռլանդիային, Իսպանիային և Նորվեգիային։
Իսրայելը նախազգուշացրել էր, որ Պաղեստինի ճանաչումը «կհրահրի ծայրահեղականություն և անկայունություն»։
Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին Նորվեգիայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ դա անվանելով կողմերի միջև հակամարտությանը քաղաքական լուծում առաջարկող միակ այլընտրանքը։
1988 թվականից ի վեր ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը ճանաչել է Պաղեստին պետությունը։