Բաժիններ՝

Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու պատճառով

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից հետ է կանչել խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են Պաղեստինը ճանաչելու որոշման մասին: Այս մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում:

«Ես հանձնարարել եմ անհապաղ հետ կանչել Իսրայելի դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից խորհրդակցությունների համար՝ Պաղեստին պետությունը ճանաչելու՝ այդ երկրների որոշման պատճառով։ Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային՝ Իսրայելը չի թուլացնի ճնշումը նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ են դնում իր ինքնիշխանությունը և վտանգում են իր անվտանգությունը», – գրել է Կացը:

Նախարարը հավելել է, որ նման որոշումները կհանգեցնեն «ծանր հետևանքների»։

«Եթե Իսպանիան իրականացնի Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրությունը, ապա նրա դեմ կձեռնարկվեն նմանատիպ միջոցներ», – ընդգծել է նա։

Կացի հայտարարության պահին Իսպանիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չէր հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

1988 թվականից ի վեր Պաղեստինը որպես պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս