Դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով կալանավորվել է 58- ամյա տղամարդ

Արարատի մարզի բնակչուհուց 2024 թվականի մայիսի 18-ին ժամը 15:20-ին հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:

Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։

Կոմիտեից անչափահասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում են նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս