Բաժիններ՝

Հայաստանում թմրամոլների թիվը 2 տարվա ընթացքում 2 անգամ աճել է

Հայաստանում թմրամոլների թվի աճ է գրանցվում: Հայաստանի նարկոլոգիական ծառայության տվյալներով՝ երկրում հաշվառված է 4428 թմրամոլ:  Անցյալ տարվա համեմատ՝ թիվն աճել է 30 տոկոսով, նախանցած տարվա համեմատ՝ 100 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար դա բավական մեծ թիվ է: Վերջինիս խոսքով՝ այժմ հաշվառված թմրամոլներից 32-ը կին են, 1-ը՝ անչափահաս երեխա՝ 14 տարեկան:

Սակայն նշված թիվը իրական պատկերը չի արտացոլում։ Գլխավոր նարկոլոգի խոսքով՝ ՄԱԿ-ի փորձագետները յուրաքանչյուր տարի մեկ անգամ կատարում են թմրամոլների հաշվառում: Նախորդ տարվա տվյալներով՝ նրանք Հայաստանում հաշվել են շուրջ 13.000 թմրամոլների:

Պետրոս Սեմերջյանը երկրում թմրամոլների թվի աճը պայմանավորում է բժշկական ծառայությունների ընդլայնմամբ, մատչելիությամբ, մետադոնային բուժման ներդրմամբ: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ  ասաց, որ որոշ տեսություններ ասում են, որ թմրամիջոցներ օգտագործելու հիմնական պատճառը կյանքի անիմաստության զգացումն է:

«Եթե մենք համեմատենք 4000-ի հետ, դրանցից տարեկան մոտ 10 տոկոսն է բուժվում, դրանցից էլ թմրամոլության երբեք չեն վերադառնում ևս 20 տոկոսը: 80 տոկոսը էլի վերադառնում են իրենց նախկին կյանքին: Պատճառները տարբեր են. դրանք և առողջապահական, և սոցիալական, և իրավական խնդիրներ են»,- ասաց Պ. Սեմերջյանը: ըստ նրա՝ նախկին կյանքի վերադառնալու հիմնական պատճառն այն է, որ բուժումից հետո այդ մարդիկ վերադառնում են նույն միջավայրը, ընկնում են նույն շրջապատը: Զարգացած երկրներում, ըստ նրա, կան վերականգնողական կենտրոններ, որտեղ մարդիկ անհրաժեշտ պայմաններում են գտնվում, իսկ Հայաստանում նման կենտրոններ չկան: Պետրոս Սեմերջյանն ասաց, որ կան նաև հիվանդներ, ովքեր բուժում ստանալու նպատակով առողջապահական կազմակերպությունների դիմում են մի քանի անգամ. «Հիմնական դեպքերում, երբ մարդիկ 3-4 անգամ բուժվում են և հաջողության չեն հասնում, նրանք ուղղակի էլ չեն դիմում առողջապահական ծառայություններին: Դրանց հիմանական մասը այն մարդիկ են, ովքեր ինքնուրույն չեն եկել բուժվելու, այլ հարազատների պնդումներով եկած մարդիկ են»:

Ինչպես նշեց Պետրոս Սեմերջյանը, թմրամոլների հիվանդության պատմագրերը ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ նրանց 20-25 տոկոսը թմրամիջոցներ սկսել են օգտագործել դեռահասության տարիքում: Նրա խոսքով՝ մետադոնային բուժման ներմուծումից մինչ այսօր (բուժման այս ձևը  Հայաստանում ներդրվել է 2010-ի հոկտեմբերից) 250 հոգի է ստացել այդ բուժումը. այժմ 182-ն են ստանում: 11 հիվանդ, որոնք ստացել են մետադոնային բուժում, մահացել են այլ սոմատիկ հիվանդությունների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս