
Նորվեգիան 2012 թվականին իր ափերին նկատել է ռուսական 70 մարտական ինքնաթիռ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Նորվեգիայի ծովափի երկնքում նկատվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 70 ինքնաթիռ: Դա կրկնակի գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի գլխավոր օպերատիվ հրամանատարության պետ, փոխծովակալ Հոկոն Բրուն-Հանսենը. «Մեզ անհրաժեշտ է մանրակրկիտ հետևել ՆԱՏՕ-ին չպատկանող ինքնաթիռներին: Մենք ընդգծում ենք նորվեգական ափերին ռուսական ռազմաօդային ուժերի մեծացած ակտիվությունը:
Ռուսաստանը վերստին ցանկանում է ներկայանալ որպես հզոր տերություն: Հենց դրանով ենք բացատրում այդպիսի քանակությամբ ռազմաօդային զորավարժությունների, վարժանքների անցկացումը և սեփական հնարավորությունների ցուցադրումը:
Դա հաստատում է նաև ռուսական իշխանությունների մտադրությունը՝ մինչև 2020 թվականը մոտ 4 տրիլիոն նորվեգական կրոն (մոտ 20 տրիլիոն ռուսական ռուբլի) ներդնել երկրի պաշտպանական համալիրի արդիականացման մեջ»: