
ԵՄ-ն Ադրբեջանին զրկում է նավթի արտահանման արտոնություններից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև նվազել է ապրանքաշրջանառության ծավալը, ինչը կապված է Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալի անկման հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ը չեղյալ է հայտարարելու Ադրբեջանից նավթի արտահանման համար սահմանված արտոնությունները. «Ներկայումս գործում է GSP plus համակարգը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանից յուրաքանչյուր ապրանք ԵՄ-ի երկրներում վաճառել առանց քվոտաների: Այդ համակարգը հատկացվում է տնտեսապես թույլ երկրներին:
Սակայն Ադրբեջանի տնտեսությունն արդեն բավական զարգացած է, և Ադրբեջանը ներառվել է միջին զարգացած երկրների թվում: Այդ պատճառով էլ Ադրբեջանն արդեն չի կարող օգտվել տվյալ համակարգից՝ սկսած 2014 թվականի հունվարի 1-ից»: