
Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «Վան-Երևան-Վան» ավիաչվերթի սառեցման համար

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «Վան-Երևան-Վան» ավիաչվերթի չեղյալ հայտարարման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Աբդուլաևն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն ականատես է դարձել Անկարայի աջակցության՝ հիշեցնելով, որ տվյալ ավիաչվերթի բացումը դժգոհությունների տեղիք էր տվել Ադրբեջանում.
«Այդ ավիաչվերթը պետք է իրականացներ մասնավոր ընկերությունը, սակայն հարցի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բաղադրիչներն ապացուցեցին նմանատիպ թռիչքների իրականացման սնանկությունը: Նմանատիպ հարցերում շատ կարևոր է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի դիրքորոշումը:
Կարևոր է Անկարայի կողմից Երևանի վրա ճնշում գործադրելը: Տվյալ հարցում մենք մշտապես զգացել ենք Թուրքիայի աջակցությունը և շնորհակալ ենք նրան»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից «Վան-Երևան-Վան» ավիաչվերթի սառեցման մասին հայտնի դարձավ մարտի 29-ին: Թուրքական կողմը դա պատճառաբանել էր «ոչ բավականաչափ պահանջարկով»: Տվյալ երթուղով առաջին չվերթը պետք է իրականացվեր այսօր՝ ապրիլի 3-ին: