ԱՄՆ-ը քննադատել է Եգիպտոսին՝ կապված ընդդիմադիրների ձերբակալման հետ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնել այն ուղղության կապակցությամբ, դեպի ուր թեքվում է Եգիպտոսը: Այս մասին երեկ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Քերին, ի թիվս այլ բաների, հիշեցրել է ոչ վաղ անցյալում ընդդիմադիրների ձերբակալության, լրագրողների նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու և փողոցային անկարգությունների մասին:
Եգիպտացի ընդդիմադիրների ձերբակալման հրամանը տրվել էր մարտի 25-ին: Հետաքննության տվյալներով, այդ մարդիկ «Մուսուլման եղբայրներ» կուսակցության դեմ բռնություններ գործադրելու կոչեր են հնչեցրել սոցցանցերում: Երկրի ներկայիս նախագահ Մուհամեդ Մուրսին հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նախագահական ընտրություններում:
Միևնույն ժամանակ մարտի սկզբին Կահիերում անցկացրած բանակցությունների արդյունքներով ԱՄՆ համաձայնել էր Եգիպտոսին հատկացնել 250 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն: Քերին պաշտոնական Կահիրեին կոչ է արել դիմել ընդդիմությանը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից վարկի հատկացման շուրջ բանակցությունների շարունակման համար:
Դեռ նախորդ տարվա աշնանը համաձայնություն էր ձեռք բերվել, որ ԱՄՀ-ն Եգիպտոսին կհատկացնի 4.8 միլիարդ դոլար, սակայն Եգիպտոսի նախագահը ընդդիմադիրների կողմից քննադատությունից հետո սառեցրել էր դա: