Հնարավո՞ր է ստեղծել կայսրություն կոնյակի սպառնալիքով
Չնայած նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին չի էլ առաջարկում դառնալ Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամ, սակայն ռուսական մամուլն ու ռուս վերլուծաբանները շարունակում են սպառնալ Հայաստանին տարբեր սանկցիաներով, եթե Հայաստանը հրաժարվի դառնալ Եվրասիական միության անդամ կամ որոշի չմիանալ Մաքսային միությանը: Հնարավո՞ր է, որ ռուս վերլուծաբանները դա անում են պետական իշխանությունից անկախ, չեն արտահայտում պաշտոնական տեսակետը: Սա քիչ հնարավոր է, քանի որ այդ վերլուծաբանները և նրանց կողմից ղեկավարվող ինստիտուտներն ունեն կամ պետական ֆինասավորում, կամ գործում են բացառապես իշխանության բարի կամքի դրսևորման արդյունքում:
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը հարցազրույց է տպագրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Լեոնիդ Վարդոմսկու հետ: Հարցազրույցի թեման Եվրասիական միությունն է և Ռուսաստանի գործընկեր պետությունների մասնակցությունն այդ միության կազմավորմանը: Չնայած հարցազրույցի նման թեմային, ամբողջ հարցազրույցը վերաբերում է բացառապես Հայաստանի կողմից այդ միության հնարավոր անդամակցությանը: Վարդոմսկին, իհարկե, չգիտի շատ հարցերի պատասխաններ. ե՞րբ կստեղծվի այդ միությունը, ի՞նչ պահանջներ են դրվելու այդ միությանն անդամակցել ցանկացող երկրների առջև, և էլի շատ հարցեր, որոնց մասին նա խոսում է իր պատկերացումների պրիզմայով, որոնք, հնարավոր է, որևէ կապ չունեն իրականության հետ: Բայց չնայած այդ ամբողջ անորոշությանը, Վարդոմսկին իրեն թույլ է տալիս սպառնալ Հայաստանին, ասելով, որ Դաղստանը կարող է կրկնակի ավելացնել կոնյակի արտադրությունը: Վարդոմսկին ասում է, որ եթե Հայաստանը չմիանա Եվրասիական միությանը, ապա Ռուսաստանը կփակի իր շուկան հայկական կոնյակի համար, և դրա փոխարեն` ռուսները կխմեն դաղստանյան արտադրության կոնյակ: Սա նույնն է, ինչ Ռուսաստանն արեց Վրաստանի դեպքում, երբ իր շուկան փակեց վրացական գինիների և հանքային ջրերի համար: Կարելի է, իհարկե, ասել, որ, եթե Ռուսաստանը փակի ռուսական շուկան հայկական կոնյակի համար, ապա Հայաստանն էլ կարող է իր շուկան փակել ռուսական գազի համար, և գնել իրանական գազ, որը կարող է անհամեմատ ավելի էժան լինել, իսկ իր որակով իրանական գազն էապես գերազանցում է նրան, ինչ Հայաստանը ստանում է Ռուսաստանից: Օրինակ, Վրաստանը գազ է ստանում Ադրբեջանից, և Վրաստանում գազը գզալիորեն ավելի էժան է, քանի Հայաստանում: Բայց նման հակադրումները կլինեն շատ մակերեսային և անիմաստ: Ավելի ճիշտ է քննարկել Ռուսաստանի կամ այս երկրի որոշ ներկայացուցիչների կայսերական հակումները և դրանց լրջությունը:
Ակնհայտ է, որ շատ ազգերի մեջ նստած է սեփական բացառիկության կամ մյուսների նկատմամբ ունեցած գերազանցության զգացողությունը: Մի մասն այդ գերազանցությունը ներկայացնում է իր ստեղծած մշակույթով, պատմական անցյալով, դավանած արժեքներով, մյուսները՝ ունեցած ռազմական գերազանցությամբ, արժեքային ավելի բարձր մակարդակի վրա գտնվելով, և այդ արժեքները տարածելու հավակնությամբ: 17-18-րդ դարերում ռուսների մոտ ձևավորվել էին կայսերական ամբիցիաներ, որոնք իրենց վառ դրսևորումը ստացան 19-րդ դարի ամբողջ ընթացքում և 20-րդ դարի սկզբում: Այդ ամբիցիաների իրականացման արդյունքում էր, որ ձևավորվեց Ռուսական կայսրությունը, որը 20-րդ դարի սկզբում վերափոխվեց ԽՍՀՄ-ի, որը ռուսական կայսրության տրանսֆորմացված տեսակն էր: Հայաստանը և հայերը եղել են այդ երկու կայսրությունների մեջ, բայց ոչ թե այն պատճառով, որ ցանկացել են ավելի լավ պայմաններով կոնյակ վաճառել Ռուսաստանում: Չնայած թե՛ Ռուսական կայսրությունում, թե՛ ԽՍՀՄ-ում հայկական կոնյակը բավական հարգված է եղել, ի տարբերություն դաղստանյանի: Հայաստանն այդ երկու կայսրություններ է մտել ստիպողաբար, քանի որ ոչ մի ազգ, առավել ևս, եթե ունի անկախ և ինքնիշխան պետություն, ինքնակամ չի ընդունում այլ երկրի գերիշխանությունը: Բոլոր կայսրություններն էլ ձևավորվել են պարտադրանքի ուժով, և պահպանվել են պարտադրանքով:
Բայց պարտադրանքին նախորդել և հաջորդել է որոշակի գաղափարախոսական նախապատրաստություն: Այսինքն՝ կայսրության մեջ մտնող ազգերից յուրաքանչյուրի համար ստեղծվել է որոշակի արդարացում-հիմնավորում, թե ինչո՞ւ տվյալ ազգը չպետք է ձգտի սեփական անկախությանը և հանդուրժի այլ ազգի գերակայությունը: Ռուսական կայսրության մեջ հայերի համար այդ հիմնավորումը թուրքական բնաջնջման վտանգն էր և կրոնական ընդհանրությունը: Ռուսներն այն ժամանակ հանդես էին գալիս` որպես ազատարարներ, ովքեր երաշխավորում էին հայ մարդու ֆիզիկական գոյությունը, այն դեպքում, երբ թուրքերը որոշել էին մինչև վերջ հասցնել հայերի ֆիզիկական ոչնչացումը: Բացի այդ, հայ մարդու համար ավելի նախընտրելի էր համարվում լինել քրիստոնյա ռուս կայսեր հպատակ, քան թուրք սուլթանի, ով նաև Օսմանյան կայսրության խալիֆն էր: 1920թ., գրավելով Հայաստանը, ռուսները կրկին Հայաստանը փրկեցին «թուրքական վտանգից», իսկ հայ մարդուն նաև սեփական իշխանավորների կողմից կեղեքված և հարստահարված լինելու վտանգից, խոստանալով սոցիալական հավասարություն:
Ընթացքում Խորհդային Միությունը հանդես էր գալիս` որպես հայ մարդու համար կենսագործունեություն համար նպաստավոր տարածք, որտեղ հայ մարդը կարող էր ստանալ կրթություն, հայ մարդը կարող էր ստանալ համաշխարհային ճանաչում, լինել այդ երկրի պետական և հասարակական գործիչ: Հայ մարդուն հնարավորություն էր տրված` հանդես գալ որպես աշխարհի հզորագույն երկրներից մեկի քաղաքացի, ով առաջինն էր տիեզերք մարդ ուղարկում, կամ ստեղծում միջտիեզերական կայանը, որին ունենում էր իր պատվավոր մասնակցությունը: Օպերա կամ Գիտությունների ակադեմիա ունենալը նշանակում էր, որ զարգանում է ազգային մշակույթը և գիտությունը, կրթական մի շարք հաստատություններ լավագույններից էին խորհրդային տարածքում: Այսինքն՝ հայերը կարող էին համարել, որ իրենք օժտված են հավասար իրավունքներով և հնարավորություններով, ինչպես կայսրության տիտղոսակիր ազգը` ռուսները:
Թե ինչո՞ւ մասնատվեց ԽՍՀՄ-ը՝ խոսակցության այլ թեմա է, բայց Ռուսաստանը կարծես թե փորձում է երրորդ անգամ վերափոխվել կայսրության, քանի որ այնտեղ հասկանում են, որ առանց կայսերական գաղափարի` կարող են կորցնել նաև եղածը, որ կարող է փլուզվել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանում մտածում են, որ հիմա ժամանակները փոխվել են, որ նոր կայսրությունները հիմա կազմավորվում են ոչ այնքան ռազմական ագրեսիայի միջոցով, որքան տնտեսական պարտադրանքի կամ շահերի ուժով: Հենց այդ մտածողության արդյունքում է, որ Ռուսաստանը ոչ թե գրավեց Վրաստանը` այն միացնելով Ռուսաստանի Դաշնությանը, այլ մեկ փակում, մեկ բացում է իր շուկան վրացական ապրանքների առաջ, կամ ռուս փորձագետը սպառնում է Հայաստանին` Եվրոպական ինտեգրացիան ընտրելու դեպքում փակել շուկան հայկական կոնյակի առաջ:
Մի՞թե հանքային ջրով կամ կոնյակով հնարավոր է կայսրություն կառուցել: Վրաստանը չի համաձայնի միանալ Ռուսական կայսրությանը, թեկուզ ռուսները համաձայնեն գնել «Բորժոմին» կրկնակի թանկ գնով: Ընդհակառակը, Ռուսաստանի քաղաքացին մեկ անգամ լինելով Վրաստանում` նողկանքով է լցվում սեփական պետության նկատմամբ, որտեղ նրան ամեն քայլափոխի հետապնդում են տարբեր կաշառակեր չինովնիկներն ու պետական պաշտոնյաները, ինչը չկա Վրաստանում: Հայաստանի քաղաքացին, հատելով ռուս-վրացական սահմանը, հայտնվում է ամենատարբեր ռեկետների ու դրամաշորթների ձեռքին, կորցնելով իր արժանապատվությունը, մտածելով ֆիզիկական գոյությունը պաշտպանելու մասին: Ռուսաստանի հարավի դրամաշորթներն այնքան են հմտացել, որ նույնիսկ սովորել են հայերեն «փող» բառը, որպեսզի ամեն ինչ արագ և առանց ավելորդ քաշքշուկի լինի: Ահա սա է Ռուսաստանի այսօրվա դեմքը, որը հնարավոր չէ թաքցնել:
Կարո՞ղ է նման դեմք ունեցող երկիրը կայսերական հակումներ ունենալ: Դա ուղղակիորեն բացառվում է: Այս իմաստով համեմատության եզր անգամ չի կարող լինել ներկա Ռուսաստանի և Եվրոպական միության միջև, որն իրեն անդամակցող երկրներին ոչ միայն կոնյակն ազատ վաճառելու շուկա է առաջարկում, այլ նաև այդ երկրների քաղաքացիներին` քաղաքացիական իրավունքներ, սոցալական և իրավական պաշտպանության երաշխիքներ: Ժողովրդավարությունը, քաղաքական և քաղաքացիական ազատությունները համարվում են եվրոպական, և ոչ թե ռուսական արժեքներ:
Այնպես որ, եթե ռուսները չեն կարող կայսրություն կառուցել, անիմաստ է դառնում նաև այն հարցը, թե կարո՞ղ են ռուսները կամ Ռուսաստանը ստիպողաբար Հայաստանը մտցնել այդ կայսրության մեջ: Կարծում եմ, այսքանով փակվում է նաև Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքի հարցը: Ներկայիս Ռուսաստանը չի կարող նման միություն ստեղծել: Միակ իրական կախվածությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանից, ոչ կոնյակի և ոչ էլ անգամ աշխատանքի շուկան էը, այլ անվտանգության համարժեք երաշխիքների բացակայությունը: Հայաստանում դեռևս հստակ է այն գիտակցությունը, որ առանց Ռուսաստանի աջակցության` Հայաստանը չի կարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, որ ռուսական բանակի հեռանալուց հետո նրանց կփոխարինի թուրքական բանակը: Իսկ ռուսները նախընտրելի են թուրքերից: