«Ես չեմ էլ նկատել, որ մենք քաղաքապետ ունենք». Մեսրոպ Մովսեսյան

«Եթե կա ժողովրդի պահանջ, ես պատրաստ եմ լինել այդ ցուցակում և պաշտպանել ժողովրդի բոլոր իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Նրա խոսքերով` իր համար անակնկալ էր ցուցակում հայտնվելը:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մովսեսյանն ընդգրկված է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի ցուցակում. նա երրորդ համարն է:  Նա հայտարարեց, որ «Բարև, Երևան» դաշինքը  կապ չունի «Ժառանգություն» կուսակցության  ցուցակի հետ: Նա նշեց, որ ինքն ընտրություններին մասնակցում է՝ որպես անհատ, և  ոչ թե՝ որպես  հեռուստաընկերության ղեկավար:  Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ երբեք որևէ ցուցակում չի ընդգրկվել և համարների հետևից չի ընկել:

168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ իրեն արվեց ցուցակում ընդգրկվելու առաջարկը՝ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա ղեկավարում է  հայտնի լրատվամիջո՞ց, թե՞ իր մեջ տեսել են սրտացավ երևանցու, նա պատասխանեց. «Այդ հարցն ավելի լավ է՝ տվեք Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև ես իմ մասին բաներ չեմ կարող ասել՝ լավը կամ վատը: Սակայն ենթադրում եմ, որ իմ անցած ուղիով երբևիցե որևէ գաղափարի չեմ դավաճանել և մնացել եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ: Երևի պատճառներից մեկը դա է»:

Նա չցանկացավ կանխատեսումներ անել, թե  ավագանու ընտրություններին մասնակցող ո՞ր ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը՝  համարելով  դա նախընտրական քարոզչություն: Ինչ վերաբերում է «Բարև, Երևանի» հնարավորություններին, ապա դրանք, ըստ Մովսես Մեսրոպյանի, բավական բարձր են, չնայած մյուս կողմից էլ՝ նա չբացառեց, որ իշխանությունների կողմից կլինեն նախընտրական և  բուն ընտրական խախտումներ: «Մեծամասնությամբ  հաղթելը մեծ ուրախություն կլինին բոլորիս համար,  ինչ-որ փոփոխություն կլինի»,- նշեց «Բարև, Երևանի»  թեկնածուն:  Նա նշեց, որ իր միակ ցանկությունն է, որպեսզի  ժողովուրդն ընտրություն կատարի իր խղճով, այլ ոչ թե՝ ընտրակաշառքով:

Կարդացեք նաև

Որո՞նք են լինելու առաջնահերթ այն երեք  քայլերը, որոնք կատարելու է Մեսրոպ Մովսեսյանն՝ իբրև ավագանի: «Բարև, Երևանի»  թեկնածուն ասաց, որ առաջին հերթին ուշադրություն է  դարձնելու բնապահպանական խնդիրներին, մասնավորապես՝ կանաչապատմանը, երկրորդը՝ հետևելու է, որ «ամբախ-զամբախ շինություններով չլցվի  քաղաքը», երրորդը՝ պայքարելու է  մոնոպոլիզացված խանութների ցանցի դեմ:

168.am-ի այն հարցին, թե ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարողացե՞լ է իր պաշտոնավարման տարիների ընթաքցքում  վերոհիշյալ խնդիրներն ինչ-որ չափով լուծել, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ես չեմ էլ նկատել, որ մենք քաղաքապետ ունենք: Ես  ավելի ակտիվ քաղաքապետ եմ պատկերացնում: Քաղաքապետը փոքր հանրապետության նախագահի մոդելն է: Ես չտեսա նրա ինքնուրությունը, նրա ինքնուրույն որոշումները և անկաշկանդ գործելակերպը»:

Տեսանյութեր

Լրահոս