ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության մասին մեղադրանքին
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոյա Նուլանդն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանի կառավարության այն մեղադրանքին, թե ամերիկյան հասարակական կազմակերպությունները միջամտում են երկրի ներքին քաղաքականությանը:
Նա հայտարարել է, որ ստույգ տեղեկատվություն չունի ներկայացված մեղադրանքի վերաբերյալ. «ԱՄՆ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության ժամանակ դուրս չեն գալիս օրենքի սահմաններից:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ժողովրդավարական բոլոր նախագծերն իրենց գործունեությունն իրականացնում են կոշտ կանոնների շրջանակներում: Նրանք չեն ֆինանսավորում կոնկրետ կուսակցության կամ գաղափարական գծի»:
Հիշեցնենք, որ մարտի կեսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը միջազգային մի շարք հասարակական կազմակերպությունների մեղադրել էր Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:
Մեհթիևը մեկնաբանել էր նաև ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածը, որում ասվում էր, որ ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) երկու միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացման համար.
«Եթե հաստատվեն այդ հոդվածում տեղ գտած փաստերը, ապա մենք ստիպված կլինենք դադարեցնել այդ կառույցի հետ մեր համագործակցությունը»: