Ռամիզ Մեհթիևը միջազգային ՀԿ-ներին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Azer Tag-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը միջազգային մի շարք հասարակական կազմակերպությունների մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ.

«Ներկայումս Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցված է ավելի քան 100 միջազգային հասարակական կազմակերպություն: Բայց կան նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք գրանցում չեն անցել, սակայն փաստացիորեն գործում են և նրանց գործունեությունը կասկածի տակ է:

Քանի որ գրանցում անցած միջազգային հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները գտնվում են վատթար վիճակում, իրականում անհայտ է մնում, թե որտեղ է ծախսվել արտասահմանյան դոնորներից ստացված դրամաշնորհների ու նվիրատվությունների մեծ մասը:

Միջազգային ՀԿ-ների մի մասը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնք իրականում չեն համապատասխանում նրանց մանդատին: Նրանք պաշտոնապես հայտարարում են որոշակի դրամաշնորհային նախագծի մասին, սակայն իրականում միջոցներ են հատկացնում կատարելապես այլ բանի, շատ դեպքերում ապակառուցողական նպատակների համար»:

Մեհթիևը մեկնաբանել է նաև ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածը, որում ասվում էր, որ ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) երկու միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացման համար.

«Եթե հաստատվեն այդ հոդվածում տեղ գտած փաստերը, ապա մենք ստիպված կլինենք դադարեցնել այդ կառույցի հետ մեր համագործակցությունը: Ի հավելումն, NDI-ի ներկայացուցիչը խոստովանել է իր մասնակցությունը մարտի 10-ին Բաքվում անցկացված ապօրինի ակցիային: Ամենայն հավանականությամբ, պետք է լրջորեն ստուգվեն Բաքվում NDI-ի ներկայացուցչության ու նրա աշխատակիցների մասին տեղեկատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս