Բաժիններ՝

Ռուս փորձագետների երկրորդ խումբը ժամանել է Թբիլիսի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) մասնագետների երկրորդ խումբը ժամանել է Թբիլիսի:

Այդ խումբը վաղվանից ձեռնամուխ կլինի վրացական 35 գինեգործական ընկերություններում ստուգումներ անցկացնելուն, որոնք ռուսական շուկայում ներկայացված լինելու ցանկություն են հայտնել:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը: Վերջինիս ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ ռուս մասնագետները ստուգումներ են անցկացնելու նաև երկու լաբորատորիաներում: Նա հավելել է, որ ռուս փորձագետների վրացական այցը կտևի մոտ մեկ շաբաթ:

Ռուս փորձագետների առաջին տեսչական այցը Վրաստան իրականացվել է այս տարվա փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը: Դրա արդյունքներով 36 գինեգործական ու 4 հանքային ջուր արտադրող վրացական ձեռնարկություններ գրանցվելու հնարավորություն ստացան՝ իրենց արտադրանքը Ռուսաստանում վաճառելու համար:

Հիշեցնենք, որ Роспотребнадзор-ի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն մոտ 10 օր առաջ չէր բացառել, որ վրացական գինին Ռուսաստանում կարող է հայտնվել արդեն այս գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս