Իրանում յուրաքանչյուր մեկ ժամում ձերբակալվում է 30 թմրամոլ կամ թմրավաճառ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում միջին հաշվարկով յուրաքանչյուր ժամվա ընթացքում ձերբակալում են 30 թմրամոլի կամ թմրավաճառի: Միջին հաշվարկով ամեն ժամ Իրանում հարուցվում է 27 քրեական գործ՝ կապված թմրանյութերի հետ:
Իրանի իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միջին հաշվով օրական ապօրինի շրջանառությունից դուրս է բերվում 1369 կիլոգրամ թմրանյութ: Նախորդ տարի (ավարտվել է օրեր առաջ) Իրանում հայտնաբերվել ու առգրավվել է 500 տոննա թմրանյութ, ինչը միջին հաշվով ստացվում է մեկ ժամում 57 կիլոգրամ:
Հաշվետվության համաձայն, թմրանյութերը հիմնականում Իրան է ներկրվում արևելյան նահանգների միջով, ինչը մասնավորապես վերաբերում է Բելուջիստան նահանգին: Ներկայումս Իրանում հաշվվում է 1.325.000 թմրամոլ և ևս 700.000 մարդ օգտագործում է թմրանյութ՝ չգտնվելով թմրանյութային կախվածության մեջ:
Իրանում թմրամոլմների միջին տարիքը կազմում է 21 տարի: Թմրանյութերի պատճառով օրական մահանում է 11 իրանցի:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականի օգոստոսի վերջին հրապարակված ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության (United Nations Office on Drugs and Crime, UNODC) տարեկան զեկույցում նշված էր, որ աշխարհի և ոչ մի երկիր, չհաշված 19-րդ դարի կեսերի Չինաստանը, չի արտադրում այնքան թմրանյութ, որքան ժամանակակից Աֆղանստանը:
UNODC-ի տվյալներով, համաշխարհային շուկայում հայտնված ափիոնի 90 տոկոսն ունի աֆղանական ծագում: Գերմանացի քաղաքագետ Վիլյամ Էնգդհալի կարծիքով, ամերիկյան զինուժը Աֆղանստանում է գտնվում նաև այն նպատակով, որ վերահսկի ափիոնի աճեցման և առաքման աշխարհի ամենախոշոր աֆղանական շուկան, և թմրանյութերն օգտագործի հատկապես Ռուսաստանի դեմ, իսկ ստացված գերշահույթներն ուղղի ճգնաժամից տուժած ամերիկյան ֆինանսական համակարգի վերականգնմանը։
2001 թվականին Թալիբանի վարչախմբի իշխանության օրոք Աֆղանստանում հավաքում էր ընդամենը 185 տոննա ափիոն, իսկ դրանից 8 տարի անց` 43 անգամ ավելի՝ 8000 տոննա։
UNODC-ի 2009 թվականին հրապարակած տվյալներով, Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20 տոկոսը։ ՄԱԿ-ի տվյալներով, վերջին 10 տարում թմրամոլների թիվը Ռուսաստանում աճել է 10 անգամ `հասնելով 1,5 միլիոն մարդու։
Ռուսաստանում տարեկան օգտագործում են 75-80 տոննա հերոին, այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանը (45 տոննա), ԱՄՆ-ը ու Կանադան (20 տոննա) միասին, իսկ թմրանյութերի գնման համար Ռուսաստանում ծախսվում է 13 միլիարդ դոլար: