
Ո՞ւմ երդմնակալությանն է մասնակցելու Դաշնակցությունը

Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է արդյոք, ըստ պաշտոնական տվյալների՝ 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված երդմնակալությանը, թե՞ ոչ: ՀՅԴ-ն նաև չունի որոշում նույն օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանն իրենց մասնակցության վերաբերյալ:
«Վստա՞հ եք, որ այդ օրը երդմնակալության արարողություն է լինելու Ազատության հրապարակում»,- այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ գործոններից է կախված ՀՅԴ-ի դիրքորոշման հստակությունն այս հարցում: Նա նաև ավելացրեց՝ եթե չգիտես՝ ի՞նչ որոշում կարող է ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպե՞ս կարող ես նախապես դիրքորոշում հայտնել: «Օրը կգա, Դաշնակցությունն իր տեսակետը և իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Արսեն Համբարձումյանը: Այն հարցին, թե դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանի՞ երդմնակալության արարողությանը մասնակցությանը, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը հակիրճ պատասխանեց՝ այո: