Բաժիններ՝

Սեուլը Հյուսիսային Կորեային կանխիչ հարված հասցնելու պլան է մշակել

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորայի պաշտպանության նախարարությունը պատրաստել է Հյուսիսային Կորեային «ակտիվ զսպելու գործողությունների» վերաբերյալ նոր պլան:

Դրա համաձայն, Սեուլը կարող է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե ի հայտ գան ցուցիչներ, որ Փխենյանը իրական վտանգ է ներկայացնում Հարավային Կորեայի անվտանգությանը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինն այս պլանի մասին այսօր զեկուցել է երկրի նախագահ Պակ Կին Խեին: Նախարարը խոստացել է, որ Սեուլը պատրաստ է արագորեն չեզոքացնել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ու հրթիռային հարվածների սպառնալիքը:

Նոր պլանը վերջնականապես հաստատվելու է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Հարավային Կորեայի բարձրաստիճան զինվորականները ԱՄՆ ներկայացուցիչների հետ կանցկացնեն իրենց ամենամյա հանդիպումը:

Բացի այդ, Հարավային Կորեան արագորեն զարգացնելու է այն համակարգի ծավալումը, որը հնարավորություն կտա հայտնաբերել ու ոչնչացնել հյուսիսկորեական միջուկային ու հրթիռային թիրախները: Ավելի վաղ պլանավորված էր այդ համակարգը գործարկել 2015 թվականին:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին շարունակում է լարված մնալ իրավիճակը Կորեական թերակղզում: Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:

Հյուսիսային Կորեան հայտարարել է զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին՝ Գուամ և Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև մայրցամաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:

Դրանից հետո ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրեցին ռազմական նոր արձանագրություն, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջամտել լոկալ (տեղական) միջադեպերին, մինչդեռ 1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս