Թուրքիայի ԱԳՆ-ը «անհիմն» է որակել Էրդողանին հասցեագրած Շառլ Ազնավուրի մեղադրանքը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր կայքի միջոցով հայտարարություն է տարածել՝ կապված նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ՅՈւՆԵՍԿՕ-ում, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի այն հայտարարության հետ, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ատում է հայերին ու հույներին:
Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է դա՝ Ազնավուրի հայտարարությունը որակելով որպես «անհիմն ու իրականությունից հեռու»: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ իրենք ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող Ազնավուրի նախաձեռնությունները.
«Չնայած նրան, որ մենք համաձայն չենք Ազնավուրի ներկայացրած նախաձեռնությունների մի շարք կետերի հետ՝ այնուամենայնիվ Անկարան ողջունում է պատմական փաստերի պարզաբանման համար կողմերի միջև ուղիղ երկխոսություն սկսելու նրա առաջարկը»: