Բալետային արվեստում ներդրումներ չեն կատարվում, արդյունքում՝ չենք կարողանում դրսի բալետմայստերներին հրավիրել
«Ինչպես գիտեք` դեռևս մեկ շաբաթ էլ չկա, ինչ մենք Մանկավարժական համալսարանից վերադարձել ենք թատրոն։ Հիմա արդեն կարող ենք մեր աշխատանքները լիարժեք ծավալել։ Այժմ մենք պատրաստվում ենք թատրոնի բացմանը, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու ապրիլի 16-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։
Բալետմայստերի խոսքով` վերջին հինգ ամիսների ընթացքում, երբ իրենք թատրոնում չէին, բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել. «Մանկավարժական համալսարանի դահլիճում շաբաթը հինգ օր 3-ական ժամով էինք պարապում, ինչը շատ քիչ էր։ Պարողներից շատերը չէին գալիս, մեր աշխատավարձերը շատ ցածր էին, չնայած խոսք են տվել, որ պետք է բարձրացնեն։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա` բալետի արտիստը ութ տարի Պարարվեստի ուսումնարանում մարզվում է, որից հետո գալիս է թատրոն և շատ քիչ աշխատավարձ է ստանում։ Նույն ժամանակ «փողոցային», սպորտային կամ մյուս տեսակի պարերն ավելի բարձր են գնահատվում, և թատրոնի պարողները ստիպված աշխատում են ռեստորաններում, բարերում, որպեսզի գումար աշխատեն։ Հասկանում ես, որ նրանք էլ պետք է իրենց ընտանիքը պահեն, միևնույն ժամանակ ափսոսում ես, որ ութ տարի աշխատել են, պոտենցիալ ունեն, բայց ռեստորաններում են աշխատում։ Եթե աշխատավարձերը բարձրացնեն, ես նրանց կպահեմ այստեղ»։
– ՊարոնԽառատյան 2013 թվականընորէսկսվել, նորներկայացումներ, շրջագայություններայս տարի սպասվո՞ւմ են։
– Մեկ տարի է՝ մենք թատրոնի բեմը չենք տեսել։ Լիարժեք աշխատելու համար բալետի արտիստը պետք է 6-7 ժամ աշխատի, տարեկան 100-ից ոչ պակաս ելույթներ ունենա, որպեսզի պրոֆեսիոնալիզմը և՛ պահպանի, և՛ կարողանա դրսի թատրոնների հետ ոտք մեկնել։ Այս պատճառով էլ սկսել ենք ինտենսիվ աշխատել։
Ապրիլի 17-ից ԱՄՆ-ից ժամանակակից բալետային խումբ է գալիս։ Իմ նախկին աշակերտներից մեկը, ով երկու ոսկե մեդալակիր է, ժամանակակից բալետային խումբ ունի, որի հետ միասին՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում ներկայացումներ կխաղանք։ Այս տարի, ինչպես գիտենք, Արամ Խաչատրյանի 110-ամյակն է, մենք հետաքրքիր գործեր ենք ձեռնարկելու։ Մեկ ամիս առաջ Վիեննայի բալետային խումբը ներկայացրեց Վիեննայի տարեկան պարահանդեսը, որի ընթացքում ներկայացվեց Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից մի հատված, որը բեմադրել է Վիեննայի բալետմայստերներից Ալբերտ Միրզոյանը, ով իմ նախկին աշակերտներից է։ Ուզում եմ, որ նա ևս գա և այդ հատվածը բեմադրի։ Սեպտեմբերին հյուրախաղեր ունենք, գնալու ենք Ստրասբուրգ։ Ունենք նաև փոքրիկ նախագծեր (Գերմանիայում, Ֆրեզնոյում), որոնց մասին հետագայում կխոսենք։ Շատ գործեր ունենք, միևնույն ժամանակ՝ բալետը մաքրվելու, զտվելու ճանապարհ է անցնում։
– Թատրոնի խաղացանկը նոր ներկայացումներով մշտապես համալրվելու կարիք ունի, այնպես չէ՞։
– Այո, շատ-շատ։ Խաղացանկն է մեր դեմքը ցույց տալիս։ Ամեն տարի Մշակույթի նախարարությանը ներկայացնում եմ մեր հետագա քայլերը, որտեղ գրվում է, թե որ ներկայացումները պետք է բեմադրվեն, և որ բալետմայստերները պետք է հրավիրվեն։ Խնդիրն այն է, որ ներդրումներ չեն կատարվում։ Ստացվում է այնպես, որ բոլոր ներկայացումները ես եմ բեմադրում, իսկ դա շատ միակողմանի է դառնում. մի ձեռագիր չի կարող լինել։ Պետք է ռեալ ներդրումներ կատարվեն, որ ես կարողանամ դրսի բալետմայստերներին բերել այստեղ, որպեսզի հասնենք նրանց մակարդակին, այնուհետև զարգացնենք մերը և դուրս գնանք։
– Ի՞նչեքկարծում՝պետությունըչի՞կարևորումկամչի՞հասկանում, որ բալետնաշխարհիններկայանալուհզոր զենք է։
– Ընդհանրապես բալետն ամենանուրբ զգայական արտահայտչամիջոցն է, որով կարող ես աշխարհին ներկայացնել, թե տվյալ երկիրն ո՞ւր է հասել, ի՞նչ զգացողություններ ունի։ Անցած դարի սկզբում ռուսները շատ առաջավոր էին այս հարցում և բալետը որպես զենք էին օգտագործում։ Մենք մատերիալն ունենք, բայց չենք գիտակցում, որ մենք էլ կարող ենք։
Երբ Վաշինգտոնից Հայաստան էի վերադառնում, իմ բարեկամներից մեկին զանգեցի, ասացի, որ գնում եմ Հայաստան և ուզում եմ, որ ինքն օգնի հայկական բալետը զարգացնելու հարցում։ Նա այնպիսի բաներ ասաց, որ ինձ մի փոքր կոտրեց, և նշեց, որ հայկական բալետ հասկացություն գոյություն չունի։ Ես, իհարկե, համաձայնեցի նրա հետ, որովհետև իրականում այդպես էլ կա։ Ես ասացի` «գնում եմ, որ սարքեմ», նա էլ, թե` «հենց սարքես՝ ինձ կասես»։
Թվում է, թե չեն գիտակցում, կամ բալետը` որպես հզոր զենք, չեն հասկանում, բայց պետք է շարունակել և բացատրել, որ բալետը քարոզչական մեծ զենք է։ Բալետն այն լեզուն է, որն ամբողջ աշխարհը հասկանում է։ Բալետում ոչ մի խոսք չկա։ Բալետի միջոցով հնարավոր է պատմել, թե հայերն ովքեր են եղել, և այլն։ Մենք ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև մեր արժեքը կբարձրացնենք։
– ՊարոնԽառատյան,երբեմնչե՞քափսոսում, որվերադարձելեքՀայաստանևփորձումեքինչ–որբանփոխել։
– Այդպիսի պահեր, իհարկե, լինում են։ Երբ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ` ինչ հետաքրքիր բաներ էինք ԱՄՆ-ում անում։ Բայց գալիս ես Հայաստան, հասկանում, որ պետք է հետ քայլեր անես։ Տեսնում ես նաև, որ ժողովրդին այս ամենը պետք չէ։ Մտածում ես, որ դրսում հետաքրքիր բաներ էիր անում, այստեղ էլ պետք է անես։ Պետք է անընդհատ աշխատել։
– Երիտասարդներիմեջ պոտենցիալ կա՞։
– Եթե պոտենցիալը չլիներ, իմ գալն անիմաստ կլիներ։ Դրսի և ներսի տարբերությունն այն է, որ այնտեղ ողջ աշխարհից պարողներ էին գալիս, որ տեսնեին, թե ինչ հետաքրքիր բաներ էի անում։ Այստեղ հետաքրքրություն չկա։ Պարողները չգիտեն, թե աշխարհում ինչեր են կատարվում։ Նրանց պետք է բացել։ Հիմա նրանք, կարծես թե, սկսել են հետաքրքրվել։
– Դուքնաևնկարումեք, որքանո՞վենիրարկապվածնկարչություննուբալետը:
– Դրանք և՛ տարբեր միջոցներ են, այսինքն` մեկը՝ գույն, մյուսը` մարմնի շարժում, միևնույն ժամանակ էլ՝ մարմնի շարժման մեջ գույն կա, իսկ գույնի մեջ` շարժում։ Դժվարությունները մի փոքր տարբեր են։ Բալետի դեպքում դու գործ ունես կենդանի մարդկանց հետ, որոնց պետք է հղկես, իսկ նկարչության մեջ խնդիրն այն է, թե կարողանո՞ւմ ես տիրապետել գույնին, թե՞ ինքն է քեզ տիրապետում։ Վերջնական արդյունքում՝ նրանք նույնն են, քանի որ երկուսն էլ տանում են Աստծո մոտ։
– Իսկ նկարչության համար ժամանակ գտնո՞ւմ եք։
– ԱՄՆ-ում նկարելու համար ավելի շատ ժամանակ ունեի, բացի դրանից էլ` իմ արվեստանոցն ունեի։ Այստեղ փոքր-ինչ ավելի դժվար է, բայց փոքրիկ գործեր նկարում եմ։