Բաժիններ՝

Առաջիկա ամիսներին մսի գինը կնվազի

«Կաթնամթերքի և մսամթերքի  շուկայում մայիս-հունիս ամիսներին գնի աճ չի գրանցվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝  նախորդ տարիների ընթացքում, եթե լայն սպառման ապրանքների գներն աճել էին, ապա մսեղիքի գինը` գլխաքանակի շատությամբ պայմանավորված, նվազել է: «Բարձր գնանկում է նկատվել խոզի և ոչխարի մսի առումով:

Ոչխարի մսի գինը նվազել է շուրջ 500 դրամով, իսկ խոզի մսի գինը` 700 դրամով: Այսինքն՝ արտադրանքն ավելի շատ է եղել, քան պահանջարկը: Բացի դա, առաջիկա ամիսներին մենք ունենք բավական մեծ քանակությամբ անասնագլխաքանակ, որ ենթակա է իրացման: Դա ևս որոշակի կազդի մսեղիքի գնի վրա:

Անասնագլխաքանակի բավարար քանակությունը թույլ չի տա, որպեսզի մենք շուկայում գրանցենք մսի գնի աճ: Մայիս-հունիս ամիսներին գառի գինը բավական կէժանանա ու կհատի 3000 դրամի սահմանագիծը»,- ասել է Ա. Հովհաննիսյանը: Խոսելով կաթնամթերքի գների հնարավոր նվազման մասին, Ա. Հովհաննիսյանը նշել է, որ կաթնամթերքի գների նվազումն ու ավելացումը սեզոնային է: Մայիս-հունիս ամիսներին կենդանիներն ավելի շատ կաթ են տալիս, քան դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին, ուստի հենց սեզոնայնությամբ  պայմանավորված՝ հնարավոր է գների որոշակի տատանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս