Բաժիններ՝

Թիկունք չունեցողները դիմում են ինքնասպանության

Յոթ տարեկան Սահակը, ով միանգամայն առողջ երեխա է եղել, ՀՀ ոստիկանության կողմից իրենց տանն իրականացված խուզարկությունից հետո սկսել է կակազել: 2012թ. հոկտեմբերի 26-ին հոր հետ կապված մի միջադեպի արդյունքում ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը ներխուժել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փողոցում գտնվող իրենց տուն: «Էնպիսի մի բազմությամբ, մեքենաներով ու օպերատորով մտան տուն, որ երեխաներս վախից չորացան, շոկ ապրեցին»,- ասում է Սահակի տատիկը՝ Արուս Սահակյանը, ով վստահեցնում է, որ երեխան այնպիսի վախ, հոգեբանական շոկ է ապրել, որ լեզուն «կապ» է ընկել:

Lus-mer

Արուս Սահակյան

Այդ օրվանից հետո Սահակը դադարել է խոսել, հետագայում էլ, մասնագետների երկարատև աշխատանքի արդյունքում՝ սկսել է խոսել, բայց՝ կակազելով: Սահակի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

lus-her

Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննեսը մորն ամեն օր խնդրում է երեխաներին կալանավայր բերել՝ տեսակցելու, բայց տիկին Արուսը չի համարձակվում որդուն ճշմարտությունն ասել: Հովհաննեսը տեղյակ չէ, որ իր հետ կատարվածից հետո որդին վախից սկսել է կակազել, իսկ մայրը վախենում է առանց այդ էլ վատ վիճակում գտնվող որդուն պատմել Սահակի հետ կատարվածի մասին: Տիկին Արուսը դիմել է մեր խմբագրություն՝ ահազանգելով որդու դեմ հարուցված քրեական գործի անօրինականությունների մասին: Այս կնոջը հաճախ կարելի է տեսնել պետական համապատասխան հաստատությունների շենքերի դիմաց հացադուլ հայտարարելիս: Արդեն քանի ամիս է՝ նա ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին և պետական այլ պաշտոնյաների նամակներով դիմում է՝ փորձելով ապացուցել Հովհաննեսի նկատմամբ հարուցված քրգործի ապօրինությունները, բայց առայժմ՝ անարդյունք:

lus-txalus-axj

7-ամյա Սահակը և 8-ամյա Արուսյակը

Ամիսներ առաջ տիկին Արուսի կյանքը փրկել են Արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարարները: Բանն այն է, որ նա իր տան մեջ փորձել է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման ճանապարհով: Տիկին Արուսը պնդում է և հավաստիացնում է, որ փաստերով, խտասկավառակներով պատրաստ է ապացուցել, որ որդուն անօրինական կերպով արդեն քանի ամիս է՝ ձերբակալել են: Նա նաև դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով, թեև խոստացել է ուսումնասիրել գործը, այդուհանդերձ, առայսօր «ապօրինությունները» չեն բացահայտվել: «Խնդրում եմ՝ գոնե այս հոդվածով հրավիրեք նրա ուշադրությունը, թող ինձ լսի, թող իմ ձեռքի տակ եղած փաստերն ուսումնասիրի, ծառայողական քննություն կատարի»,- ասում է տիկին Արուսը, ով յոթ երեխաների մայր և վեց թոռնիկների տատիկ է և ապրում է ծայրահեղ վատ պայմաններում: Բանն այն է, որ 2012թ. հոկտեմբերի 26-ին իրենց տուն է գնացել իր որդու ծանոթ Արտյոմ Հակոբյանը, ով ներկայումս ձերբակալված Հովհաննեսին բջջային հեռախոս վաճառելու նախնական պայմանավորվածություն է ունեցել: Տիկին Արուսի հավաստմամբ՝ Արտյոմը Հովհաննեսին 10.000 դրամանոց հեռախոս վաճառելու առաջարկ է արել, որը Հովհաննեսը ցանկացել է գնել իր դպրոցական երեխաների համար: «Մեր տունը 4-րդ կարգի վթարային է: Այդ օրերին տղաս իր ընկերոջ՝ Վարդանի հետ մեր խոհանոցի պատն էր շարում: Մենք տանը չենք եղել: Տղաս իր ձեռքով ճաշ է եփել ու, երբ Արտյոմը եկել է, նստել, հաց են կերել, զրուցել են: Նա 3000 դրամը տվել է Արտյոմին, բայց խոսակցության ժամանակ Արտյոմը բարձրաձայն հայհոյել է: Դրանից հետո տղաս բարկացել է, թե՝ ինչո՞ւ ես իմ տան մեջ հայհոյում, բա որ քույրերս, մայրս տանը լսեին, և այլնգ ու մի հատ ապտակել է Արտյոմին: Ամբողջ պատմությունը դա է եղել, որդիս հայհոյելու համար ընդամենն ապտակել է»,- պատմում է տիկին Արուսը՝ հավաստիացնելով, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի պատկերացրել, որ Ա. Հակոբյանը կարող էր գնալ Ոստիկանություն, բողոք ներկայացնել և դեռ ավելին՝ սուտ ցուցմունքներ տալ: Ինչևէ, Ա. Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 24:00-ի սահմաններում, Հովհաննեսը նրա գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Գագիկ Հայրապետյանի հետ, հեռախոս գնելու նպատակով իրեն հրավիրել են Առինջ գյուղում գտնվող 15 տուն: «Այնուհետև Ա. Հակոբյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու բերանը և որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի սպառնալիքով սպառնացել նրան և նրանից հափշտակել ընդհանուր 90.000 դրամ արժողության թվով 2 հատ «Նոկիա» մոդելի բջջային հեռախոսներ»,- մեջբերում ենք ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Ասրյանի առաջադրած մեղադրանքից: Որքան էլ զարմանալի է, բայց «հեռախոսային» այս վեճն ավարտվել է ծանր հոդվածի առաջադրմամբ. Հովհ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Տիկին Արուսը վստահեցնում է, որ Արտյոմ Հակոբյանը, լինելով կրկնահանցագործ, հայտնի է իր հեռախոսային կողոպուտների գործունեությամբ: Ավելին՝ նա հիմա գտնվում է «Նուբարաշեն» ք/հ-ում՝ հեռախոսների կողոպուտ կատարելու մեղադրանքով, իսկ նրա եղբայրն «Ալեն-Էլեն» կենտրոնի պայթեցման մասնակիցներից մեկն էր: «Ու նման հանցագործները կարող են անմեղ մարդու դատել, անմեղ մարդու վրա գործ սարքել, իսկ ոստիկանները մարդուն ծեծելով՝ նրա ցուցմունքը հաստատել: Տղաս չի ընդունել մեղադրանքը՝ մշտապես կրկնելով, որ միայն ապտակել է՝ հայհոյելու համար: Նա ասել է՝ այո, ապտակել եմ, բայց չեմ ծեծել, չեմ կապել, չեմ հափշտակել: Ոստիկանությունում նրան դաժան ծեծի են ենթարկել և հրահանգել են այդ մասին լռել: Դեմքին այնպես էին խփել, որ աչքը, այտը կարմրել, ուռել էր: Սրտին էին հարվածել, որ վատացել էր, ինքը սրտի նևրոզ ունի ու հիմա բազում խնդիրներով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում»,- ասում է տիկին Արուսը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով որդու նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մանրամասներ, որոնց, կարծում ենք, պարտավոր է արձագանքել Ոստիկանապետը: Այնուամենայնիվ, ըստ տիկին Արուսի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ դատական նիստում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Ասրյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ պահանջը քննելիս, նա «իր վրա» է վերցրել մեղադրանքը՝ խոստովանելով, որ բռնություն գործադրելով Ա. Հակոբյանի նկատմամբ, նրան դաժան ծեծի ենթարկելով՝ հափշտակել է վերջինիս գույքը: «Քննիչը դուրս եկավ ու ասեց՝ հարիֆդ վերցրեց իրա վրա: Իրականում նրան էդքան ծեծել էին, բայց իր վրա չէր վերցրել չարածը: Դատարանում սադրել էին, թե՝ կինդ, երեխաներդ, մայրդ դրսում քեզ են սպասում: Ինչ ասում են՝ գրի, որ տուն գնաս, քեզ ոչ մի բան չի լինի, դրա համար չեն դատվում: Գրի, որ ընտանիքիդ հետ քեզ տուն ճանապարհենք: Նա էլ հավատացել էր ու կրկնել էր իրենց ասածը»,- հավատացնում է տիկին Արուսը, ով դեպքի հետ կապված այս մանրամասները ներկայացնում է բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր արձագանքում են իր դիմումներին: Ի դեպ, նա նաև ասում է, որ շատ փաստեր նոր է ձեռք բերում՝ որդուն «Դատապարտյալների հիվանդանոց» ք/հ-ում տեսակցելու ժամանակ: Հետևաբար՝ Ոստիկանության վերնախավին կոչ է անում անձամբ որդուց լսել, թե իրականում ինչ է կատարվել Ոստիկանության Նոր Նորքի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բաժանմունքներում: Հովհաննեսին «Նուբարաշեն» ք/հ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխել են հոգեբուժարան, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ք/հ: Նա թեև մանկուց հաշմանդամ է, ունի օլիգոֆրենիա հիվանդությունը, այնուամենայնիվ, երբևէ խնդիրներ չի առաջացրել: «Ինքը շատ աշխատասեր, ընտանիքին նվիրված տղա է: Նա էնքան վախկոտ ու զգացմունքային է, որ չէր կարող էդ կրկնահանցագործին բռնության ենթարկել, հեռախոսներն էլ խլել: Մյուս տղան՝ Վարդանն էլ չորս երեխա ունի, որին նույն հոդվածն են առաջադրել: Արտյոմի ընտանիքի անդամներն էլ են վկայություններ տվել իր մասին, դիսկերն ինձ մոտ է, թե նա ինչերի ա ընդունակ, ինչպես է մորը ծեծի ենթարկել, բայց ինձ լսող չկա: Մարդը տղայիս կործանեց, իսկ ինքն էլ ուրիշներից հեռախոսներ գողանալու համար բերդում է»,- ասում է տիկին Արուսը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը համարելով անմարդկային որոշում:
«Ախր ձեր մայրերին իմ ձեռքերով փորած փոսում եք թաղել»
Մենք նաև ուսումնասիրեցինք այս գործով փաստաթղթերը, որտեղ թեև մեղադրանքն ապացուցող հիմքերը բացակայում էին, այդուհանդերձ, առկա էին տուժողին՝ Ա. Հակոբյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու եզրակացությունները, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նրա առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու մասին փաստերը: Մինչդեռ տիկին Արուսը վստահեցնում է, որ այդ վնասվածքները Ա. Հակոբյանը ստացել է ոչ թե որդու հետ հանդիպման ժամանակ, այլ դրա նախորդ օրn` իր ընտանիքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի պատճառով կրկին հայտնվել էր Ոստիկանությունում: Այնուամենայնիվ, կարծում ենք, այս տիկնոջ փաստարկները պետք է ուսումնասիրեն համապատասխան մարմինները, որոնք, թեև բանավոր կերպով հիմնավորվում են, այնուամենայնիվ, ապացուցելիության տեսանկյունից քննության ենթակա են:
Տիկին Արուսի ընտանիքը ներկայումս ծանր վիճակում է, քանի որ բազմանդամ ընտանիքը գոյատևում էր Հովհաննեսի աշխատանքով: «Ես ու տղաս գերեզմանատներ ենք փորել, սվաղ ենք արել, բետոն ենք թափել, որ հացի գումար վաստակենք: Ես մենակ մի բան կարող եմ ասել. Տղայիս գործը սարքող իրավապահ մարմնի ներկայացուցիչներից մեկի մոր գերեզմանը ես իմ էս ձեռքերով եմ փորել: Մենակ մի բան կարող եմ ասել՝ թիկունք չունեցող մարդկանց մի խորտակեք, ախր ձեր մայրերին իմ ձեռքերով փորած փոսում եք թաղել, իսկ հիմա էդ ձեր բռունցքներով որդուս էդ ինչ օրի եք գցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս