Լյուդմիլա Սարգսյան. Գաղջ մթնոլորտի պատճառը գաղջ իշխանությունն է

Մարտի 18-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած հայտնի մամլո ասուլիսում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը լայն անդրադարձ կատարեց Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումներին և երկրում ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը խոսեց ՀՀ կառավարության գործունեության մասին և բավական դրական գնահատելով գործադիր մարմնի գործունեությունը` նշեց. «2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ:

Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ` գնացեք հրաժարական տվեք»: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ` հարցնելով վերջինիս կարծիքը կառավարության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տված գնահատականների մասին:

– Ես շա՜տ մեծ կասկածի տակ եմ դնում այդ 7,2 տոկոս աճը, որովհետև այդ 7,2 տոկոսն իրենք ստանում են թվերի մանիպուլյացիայի արդյունքում: Մենք այդ թեմայով խոսել ենք շատ լուրջ տնտեսագետների հետ և գիտենք, որ իրենք կարողանում են թվերի խաղերի արդյունքում դա ստանալ: Եթե 7 տոկոս աճ գրանցած լինեին, մեր ազգաբնակչությունը դա կզգար իր կենցաղում` աշխատավարձի, թոշակի տեսքով, բայց ինչպես բոլորս, այնպես էլ, կարծում եմ, դուք` լրագրողներդ, շատ լավ գիտեք, որ որևիցե տնտեսական աճի զգացողություն մեր երկրում չկա: Ժողովուրդը բացարձակապես չի զգում այդ աճի ազդեցությունը, քանի որ այդ աճն իրականում չկա:

Կարդացեք նաև

Հետևաբար` ասուլիսից ստացած ամբողջ տպավորությունս գոհացուցիչ չէի համարի, որովհետև տրված շատ-շատ հարցերի պատասխանները մեզ համար ուղղակի անընդունելի են, որովհետև մենք գիտենք ճշմարտությունը, իսկ այնտեղից հնչում էին ոչ օբյեկտիվ գնահատականներ, և խեղաթյուրվել էր ողջ իրականությունը: Դա վերաբերում է թե՛ ընտրական գործընթացներին, թե՛ տնտեսական իրավիճակին, թե՛ կառավարության աշխատանքին:

Ավելին` ես համարում եմ, որ այս կառավարությունը պետք է լուծարվի անմիջապես: Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այս կառավարության պահպանումն արդարացնել նրանով, թե` «իսկ ո՞վ ասաց, որ դրանից լավը կգա», ապա դա մեր խնդիրը չէ, դա նախագահի խնդիրն է, որպեսզի ապահովի ավելի լավ կառավարություն, որովհետև, եթե ժողովուրդը նրան ձայն է տվել, ինչպես ինքն է այդ մասին փաստում, ապա նա պարզապես պարտավոր է ձևավորել այնպիսի կառավարություն և այնպիսի վարչապետգ պետք է փոփոխության ենթարկվի կառավարության կազմը, համենայն դեպս, գոնե վարչապետի տեսքով, ով բացարձակապես վարկաբեկված մարդ է և ժողովրդի ու ընդհանրապես քաղաքական ուժերի շրջանում որևէ հեղինակություն չի վայելում:

– Իսկ այդ դեպքում միգուցե Սերժ Սարգսյա՞նը պետք է հրաժարական տա, ինչպես պահանջում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Եկեք «միգուցե»-ով չխոսենք, որովհետև այդ «միգուցե»-ն մեր երկրում չի աշխատում, և այն պահանջը, որը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, վստահ եմ, որ անիրագործելի է, և Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես դա պետք է հասկանար: Այդքան ռեսուրսներ` ֆինանսական և վարչական միջոցներ, որոնք ներդրվել են Սերժ Սարգսյանի կողմից` վերընտրվելու համար, և ամեն ինչ արվել է այդ վերարտադրությունն ապահովելու համար, դրանից հետո նա կյանքում չի հրաժարվի նախագահի աթոռից, որովհետև այդ աթոռն իրեն և իր շրջապատին ապահովում է բարեկեցություն դիզելու նորանոր հնարավորություններ, և, բնականաբար, նա այդ մեթոդներով չի հեռանա իշխանությունից:

– Բայց չէ՞ որ սովորաբար որևէ իշխանություն սեփական կամքով չի ցանկանա հեռանալ:

– Ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ և նշել, որ 2008 թվականին ծավալված շարժումը հաղթական շարժում էր, և այդ ճանապարհը ճիշտ էր, եթե իրականում ուժ չկիրառվեր ժողովրդի վրա: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից անմիջապես հետո կարողանար թեժ վիճակում պահել Ազատության հրապարակը, կարողանար ճիշտ երկխոսության գնալ, հնարավոր է, որ արդյունքում ունենայինք բոլորովին այլ պատկեր:

– Տիկին Սարգսյան, սակայն համաձայնեք, որ այդ ճանապարհն, այնուամենայնիվ, բերեց բախման, այդպես չէ՞:

– Ասեմ, որ ոչ մի բան սխալ չի արվել, ընդամենը մի բան չենք կարողացել հաշվարկել, որ նախագահը կարող էր սեփական ժողովրդի դեմ զորք հանել, զենք կիրառել և սպանությունների, հանցագործության արդյունքում` պահպանել իշխանությունը: Մարտի 1-ի սպանությունների գործը դեռևս բացահայտված չէ, և դա ոչ միայն մենք են պահանջում և ժողովուրդը, այլ նաև միջազգային կառույցները. դրա վառ վկայությունը Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի նոր հայտարարությունն է, որտեղ կոչ է արվում լիարժեք հետաքննել և բացահայտել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները:

Հետևաբար` այսօր իշխանությունը չի կարող աշխատել նույն մեթոդով, որովհետև նա դեռ պիտի մարսի Մարտի 1-ը, ինչը միանշանակ չի ստացվելու: Իսկ նոր Մարտի 1 նրանք այլևս չեն կարող սանձազերծել, դա արդեն անիրագործելի է իշխանության կողմից: Ասեմ ավելին` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն մարդիկ չեն, ես չեմ ասում` ո՞վ է լավ, ո՞վ է վատ, բայց նրանք տարբեր մարդիկ են, և ես վստահ եմ, որ զենք չի կիրառվի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց այլ ճանապարհ, որն, ըստ իս, պարտվողական է:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում այս նոր պայքարի հանգուցալուծումը:

– Ես հանգուցալուծումը հետևյալ կերպ եմ պատկերացնում. մի օր Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո, պետք է դադարեցնի հացադուլը, որը նա հավերժ չի կարող շարունակել: Իսկ նրա մահը մենք ո՛չ ցանկանում ենք, ո՛չ էլ դա իրեն թույլ կտրվի. կարծում եմ` նման ծայրահեղ արտահայտություններ անելու անհրաժեշտություն չկա (խոսքն Ազատության հրապարակում մարտի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հետևյալ հայտարարության մասին է. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին նախագահ հռչակի, դա իրենք կանեն իմ դիակի վրա».- Ա.Ս.), քանի որ դա բացարձակապես չի ազդում իշխանությունների վրա: Եվ հաջորդ քայլը կլինի որոշ հարցերի շուրջ փոխհամաձայնություն, և չեմ բացառում, որ դրանով ամեն ինչ կավարտվի:

– Ի դեպ, 2008 թ. փետրվարին ընդամենը 30.000 հոգի՞ էր հավաքվում Ազատության հրապարակում:

– Իհարկե ո՛չ, շատ-շատ ավելին, կարելի է ասել` տասնապատիկ ավելին: Ովքեր այդ ժամանակ Երևանում էին, կհիշեն, որ մարդիկ մինչև Հանրապետության հրապարակ լցված էին: Այսինքն` առնվազն 300.000 հազար քաղաքացիներ էին հավաքվում հրապարակում, և նրանք պատրաստ էին մինչև վերջ կանգնելու և պայքարելու սեփական ձայնի, քվեի իրավունքը պաշտպանելու համար: Սակայն, նորից եմ կրկնում, բիրտ ուժ կիրառվեց ժողովրդի դեմ, և դրա համար, իհարկե, պատասխան պիտի տան:

– Իսկ Դուք այսօր տեսնո՞ւմ եք գաղջ մթնոլորտ Հայաստանում:

– Իմ կարծիքով` գաղջ մթնոլորտն այն մթնոլորտն է, որն առկա է իշխանական հատվածում, և նրանք փորձում են փոխանցել ժողովրդին: Գաղջ մթնոլորտի պատճառը գաղջ իշխանությունն է, որի արդյունքում ժողովուրդն այս ողբերգական վիճակի մեջ է հայտնվել: Եվ փորձել արտագաղթն արդարացնել գաղջ մթնոլորտի պատճառով` ուղղակի ծիծաղելի է: Գաղջ մթնոլորտը կարող է շատ արագ փոխվել, եթե փոխվի ժողովրդի սոցիալական վիճակը, եթե ժողովուրդն արդարության պակաս չտեսնի, եթե դատական համակարգում ժողովուրդն արդարության հասնի: Բայց այդ մթնոլորտը Հայաստանում չկա, և համաձայն եմ Սերժ Սարգսյանի գնահատականի հետ, որ, այո՛, երկրում գաղջ մթնոլորտ է, բայց դրա ստեղծման իրական հիմքերը դրել են այս իշխանությունները: Չի՛ կարելի արդարացնել արտագաղթը` մեղքը բարդելով ուրիշների վրա:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս