Սմբատ Կարախանյանը բացահայտում է ՀԱԿ-ի «գիծը»
«Մի բան Ձեզ պետք է ասեմ` մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում թե հանրահավաքներում, խոհանոցներում թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել` Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»:
Սա մի հատված էր նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից։ Իհարկե, այս հատվածը պատշաճ ուշադրության չարժանացավ, քանի որ բոլորին առաջին հերթին հետաքրքրում էին ասուլիսի ներքաղաքական մասն ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման մանրամասները։
Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին 1in.am-ը երեկ մեկնաբանություն էր վերցրել ռուսաստանյան «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանից։ Վերջինս առավել հայտնի է «Հայաստանը թալանողները» շարքով և 2008 թվականի համաժողովրդական շարժման ընթացքում իր պարբերական մեկնաբանություններով։ Կարախանյանը համարվում էր Հայ ազգային կոնգրեսի, այսպես ասած, «մոսկովյան կուրատորը», նրա հայտարարությունները հաճախ մեջբերում էին ՀԱԿ-ի առաջնորդները, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, առաջինը հենց Սմբատ Կարախանյանն էր, որ կարծիք հայտնեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաարդյունավետ ժառանգորդը կարող է լինել Լևոն Զուրաբյանը: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: Սա` իմիջիայլոց:
Սմբատ Կարախանյանը ներկայացվել և բոլորի կողմից ընկալվում է` որպես «Ռուսաստանի մարդ»։ Թե կոնկրետ ում հետ է նա աշխատում Ռուսաստանում, դժվար է ասել. նրա անձը պարուրված է առեղծվածայնությամբ։ Եվ այն, որ նա ռուսամետ հայացքներ պետք է ունենա բոլոր հարցերում, այդ թվում՝ Մաքսային միության հարցում, հասկանալի էր։ Սակայն Սմբատ Կարախանյանը վերը նշված հարցազրույցում արել է մեկնաբանություններ, որոնք, մեղմ ասած, վիճելի են։
Ի՞նչ է ասել այս անձնավորությունը։ Այսպես, անդրադառնալով Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին` նա արել է, ըստ էության, 2 պնդում։
1. Հայաստանին որևէ մեկը չի ստիպում անդամակցել Մաքսային միությանը։ Առավելևս` Ռուսաստանը։ Ավելին՝ շանտաժի և պարտադրանքի դիմում են եվրոպացիները։
2. Հայաստանն ինքը պետք է շատ ջանքեր գործադրի, որպեսզի արժանի լինի դառնալ Մաքսային միության անդամ, և որպեսզի Միության անդամները համաձայնեն մեր երկիրը տեսնել նրանց շարքերում։
Առանձին-առանձին անդրադառնանք մեկը մյուսից տարօրինակ այս պնդումներին։
1. Ստիպո՞ւմ են արդյոք ռուսները Հայաստանին, թե՞ ոչ։
Սմբատ Կարախանյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի առջև Մաքսային միությանն անդամակցելու խնդիր երբեք չի դրել:
«Ի սկզբանե ես ինքս Մաքսային միության վերաբերյալ քննարկումներին մասնակցել եմ, և երբեք նման հարց չի քննարկվել: Այդ շանտաժն առաջին հերթին` արվում է եվրաչինովնիկների կողմից` այն դեպքում, երբ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ որևէ գործնական, փաստացի, առարկայական քայլ չկա, նյութ չկա: Հայաստանին ոչ ոք չի ուզում տանել որևէ ուղղությամբ: Մի ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել: Մաքսային միության հարցը մի խնդիր է դարձել, որը երկկողմանի օգտագործվում է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ եվրոպացի չինովնիկների կողմից: ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, թե ՌԴ-ն իրենց ուզում է տանել Մաքսային միություն, իրենք չեն գնում, դիմադրում են։
Մյուս կողմից էլ` իրականում եվրաչինովնիկներն իրենց գլխից վեր են թռնում և, կոպիտ ասած, սկսում են Հռոմի պապից կաթոլիկ դառնալ: Շատ հաճախ եվրոպական լուրջ քաղաքական գործիչների հետ ենք խոսում ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցության վերաբերյալ, նման շանտաժներ չեն անում: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, եվրաչինովնիկի հետ պայմանավորված, նման հայտարարություններ են անընդհատ բաց թողնում»,- ասել է նա:
Նախ շատ զարմանալի է, թե ինչպես և ինչ կարգավիճակով է Սմբատ Կարախանյանը մասնակցել այդ քննարկումներին։ Որքանով մեզ հայտնի է, դրանց մասնակցում են պետական պաշտոնյաները։ Ինչևէ, անդրադառնանք կոնկրետ թեմային։
Թե որքանով են առարկայական այդ ճնշումները և ինչպես են դրսևորվում դրանք իրականում, դժվար է ասել (ի տարբերություն Ս. Կարախանյանի՝ մենք այդ քննարկումներին ներկա չենք եղել)։ Սակայն, որ ճնշում, թեկուզ անուղղակի ճնշում կա, միայն կույրը կարող է չնկատել։
Դրանց առկայության մասին խոսում է այն հանգամանքը, որ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար ստիպված է լինում արդարանալ և փաստարկներ նշել, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը։ Օրինակ, փաստարկներից մեկն այն էր, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահմաններ չունի։ Այս փաստարկին հակադարձել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն` նշելով, որ ընդհանուր սահմանների բացակայությունը լուրջ խոչընդոտ չէ։ Որպես օրինակ` նա նշել էր Կալինինգրադի էքսկլավը։ Դրանից հետո Տ.Սարգսյանն արդեն սկսեց խոսել այն մասին, որ ընդհանուր սահմաններից բացի, կան նաև այլ խնդիրներ։ Օրինակ` Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից, և այլն։
Եվ վերջապես, բոլորովին վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե բաց տեքստով սպառնաց այն երկրներին, ովքեր կհրաժարվեն մաս կազմել Մաքսային միությանը։ Այսպես, մարտի սկզբին Պուտինը հայտարարեց, որ 2015 թվականից սկսած` կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալների ներհոսքը Ռուսաստան: «Մենք բաց հայտարարում ենք այդ մասին: Այսօր գոյություն ունեցող արտոնությունները կիրառվելու են միայն այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են Մաքսային միության անդամ»: Պուտինի այս հայտարարությունը շատերն արդարացիորեն ընկալեցին` որպես ճնշման միջոց այն երկրների վրա, որոնք չեն ընդունել Մաքսային միության մեջ մտնելու հրավերը։ Այսքանից հետո ասել, որ ճնշումներ չկան, առնվազն տարօրինակ է։
2. Արդյո՞ք պետք է «հաց ու պանիր ուտենք»` Մաքսային միության անդամ դառնալու համար:
Ս. Կարախանյանի «մասնագիտական կարծիքով»` Մաքսային միությանն անդամակցելու համար Հայաստանը որոշակի ճանապարհ պետք է անցնի, պետք է արժանի դառնա Մաքսային միության անդամ լինելուն, քանի որ մինչ այդ միությանն անդամակցելը տնտեսական բարեփոխումների մի ահռելի փաթեթ պետք է իրականացվի, որն առաջին հերթին հարվածելու է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին: Բայց, ըստ Կարախանյանի, Հայաստանն, այսօրվա դրությամբ, ի վիճակի չէ այս հարցերը լուծել, քանի որ դրա համար համակարգային փոփոխությունների պետք է գնա:
«Որքան ես տեսնում եմ, խոսակցություններ ժամանակ առ ժամանակ սկսվում են, բայց ժամանակ առ ժամանակ էլ մեռնում են, նույն կերպով օլիգարխների գումարներն արտահանվում են, նույն կերպով` ներդրվում: Հայաստանը պետք է խնդրի, պետք է կատարի տնտեսական բարեփոխումներ, որպեսզի կարողանա անդամակցել Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը: Եթե Հայաստանը պետք է դառնա Մաքսային միության անդամ, պետք է բացառի քրեաօլիգարխիկ համակարգն ու ստվերային գումարները»,- ասել է Կարախանյանը` հավելելով, որ նույն պահանջները չունի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ավելին` այն հեշտացնում է օլիգարխների կարգավիճակը:
Սմբատ Կարախանյանը նշել է, որ այդ համաձայնագրի դեպքում քրեաօլիգարխիկ համակարգի ելումուտն ավելի ազատ է լինելու, իսկ ստվերը մեծանալու է, մանր ու միջին բիզնեսը տուժելու է, իսկ օլիգարխը շարունակելու է հարստանալ: Նրա համոզմամբ, այդ համաձայնագիրը միտված է օլիգարխների վերարտադրմանը: «Եթե Հայաստանը լիներ օրինապաշտ, սահմանադրական երկիր, դա չէր լինի, բայց Հայաստանն ի սկզբանե քրեաօլիգարխիկ համակարգի վրա է հիմնված, ուստի եվրոպական չինովնիկները հայ օլիգարխների համար լայն հնարավորություններ են բացում, որը Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում կբացառվեր՝ խաղի հստակ կանոնների պատճառով»,- ասել է նա։
Սա արդեն, ինչպես ասում են, վերջն է։ Պարզվում է` նորմալ երկրի ու նորմալ տնտեսության չափանիշը ոչ թե արևմտյան երկրներն են, այլ, ասենք՝ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը։ Եվ տնտեսական բարեփոխումների և ստվերային տնտեսության առումով Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այս երկրներին հասնելու համար։
Երբ ընդդիմությունն ու լրագրողները քննադատում են ՀՀ իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն ու նշում, որ վիճակը խայտառակ է` թե տնտեսության, թե ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների, թե կոռուպցիայի դեմ պաքայրի առումներով, դա ամենևին չի նշանակում, որ վերը նշված երկրներում վիճակն ավելի լավ է։ Դրա համար էլ զուգահեռներ անցկացնելիս` Հայաստանի վիճակը երբեք չի համեմատվում ԱՊՀ երկրների հետ, որովհետև դրանք զարգացման մակարդակով չեն գտնվում այն աստիճանի վրա, որի հետ պետք է համեմատվել, առավելևս՝ ձգտել։ Սակայն պարզվում է՝ մարդիկ կան, որոնք գտնում են, որ այդպես չէ։ Հակառակն ապացուցելու համար մի փոքր համեմատական անցկացնենք. դիտարկենք Հայաստանի և Մաքսային միության անդամ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին տրված գնահատականները մի շարք հեղինակավոր զեկույցներում։
Այսպես, գործարարությամբ զբաղվելու դյուրինության տեսանկյունից Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business զեկույցում աշխարհի երկրների մեջ զբաղեցնում է 32-րդ տեղը (Ռուսաստան` 112, Ղազախստան՝ 49, Բելառուս՝ 58)։
Heritage Foundation հիմնադրամի կողմից հրապարակվող զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն ավելի ազատական է, քան Մաքսային միության անդամներինը։
Transparency International կազմակերպության կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսում մեր վիճակը, ճիշտ է, այնքան էլ լավ չէ՝ 105-րդ տեղում ենք և համարվում ենք կոռումպացված երկիր։ Սակայն Մաքսային միության անդամներն ավելի կոռումպացված են։
Freedom House-ի 2012 թվականի ազատությունների զեկույցում Հայաստանը ստացել է 5 միավոր և համարվել է մասամբ ազատ երկիր (որքան միավորը բարձր է, այնքան ազատության վիճակը վատ է)։ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը համարվել են անազատ երկրներ։
Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, որ, թեպետ Հայաստանում ամեն ինչ փայլուն չէ, սակայն հաստատ ավելի փայլուն է, քան Մաքսային միության անդամների մոտ։ Այնպես որ, Հայաստանը Մաքսային միությանը միանալու ավելի քիչ պատճառներ ունի, քան եվրոպական ընտանիքին։
Հիմա վերադառնանք Սմբատ Կարախանյանին։ Անկեղծ ասած, նրա ասածներին չէինք անդրադառնա, քանի որ նա այն գործիչը չէ, ով (կամ ում վերլուծությունները) կարող է էական ազդեցություն ունենալ գործընթացների վրա։ Պարզապես կրկին նշենք, որ այս անձնավորությանը մեծապես կարևորում և նրա վերլուծությունները Հայաստանում «ռասկրուտկա» էին անում 2008-ից հետո Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատման համար պայքարող ուժի ներկայացուցիչները։
Եվ այս կտրվածքով, առավել քան զարմանալի է՝ ինչի՞ կամ ո՞ւմ դեմ էր Ս. Կարախանյանը պայքարում, եթե նրա համար էտալոնը Ռուսաստանն է կամ Բելառուսը՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից չընդունվող իր նախագահով։
Ի դեպ, այդ հարցն ավելի հետաքրքիր է դառնում հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսից հետո։ Այսինքն՝ պարզ է դառնում, որ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սմբատ Կարախանյանն ու ՀՀ գործող նախագահը նույն մոտեցումն ունեն Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ։
Ավելին, Սերժ Սարգսյանի մոտեցումն ավելի ընկալելի է, քանի որ նա գոնե չի հաճոյանում, չի ասում, որ Հայաստանը դեռ պետք է շատ բարեփոխումներ կատարի՝ ՄՄ անդամության արժանի թեկնածու դառնալու համար։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի թաքնված ու բացահայտ սպառնալիքներին, օրինակ՝ նույն միգրանտների մասով, ապա նշենք, որ չնայած դրանցում վտանգ կա, սակայն չափից դուրս մտահոգվել պետք չէ։ Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է այդ նույն աշխատանքային միգրանտների գործունեությունից, և նրանց մուտքն արգելափակելը հավասարապես վնասելու է ո՛չ միայն միգրանտների հայրենի երկրներին, այլ հենց Ռուսաստանին։