Միտումները՝ ռադիոծածկույյթի տակ. «Օրանժ Արմենիան» արդարանում է
Քիչ առաջ «Օրանժ Արմենա» ընկերությունից մի նամակ ստացանք, որը պատասխանն է մեր կայքի հրապարակումներից մեկին: Ընդառաջելով ընկերության խնդրանքին՝ այդ պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ:
Հարգելի խմբագրություն,
Ծանոթացանք մարտի 17-ին Ձեր կայքում տեղ գտած «Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն» հոդվածին:
Հոդվածում որպես Հայաստանի քարտեզի սխալ պատկերման օրինակ է բերվել Orange-ի կողմից կանգառասրահներում փակցված սխեմատիկ քարտեզը, որի նպատակն է ընդհանուր կերպով ցույց տալ Հայաստանում Orange-ի խանութների գտնվելու վայրերը՝ հատկապես շեշտադրելով այն փաստի վրա, որ ընկերությունը վաճառքի ու սպասարկման կետեր ունի բոլոր խոշոր բնակավայրերում: Վերոհիշյալ քարտեզում չգտնելով Արծվաշենի տարածքը՝ հոդվածագիրը կատարում է քաղաքական եզրահանգումներ՝ մեր ընկերությանը մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չընդունելու մեջ՝ այդպիսով վնաս հասցնելով «Օրանժ Արմենիայի» բարի համբավին: Առավել քան անլուրջ ենք համարում նման մոտեցումը, որտեղ մերկապարանոց մեղադրանք է ներկայացվում մի կազմակերպության, որը քաղաքական որևէ դիրքորոշում չունի ու չի կարող ունենալ, և որը Հայաստանի Հանրապետությունում գործում է ավելի քան չորս տարի՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Կարծում ենք, որ եթե հոդվածագիրը իսկապես հետաքրքրվեր, թե արդյո՞ք Orange-ը քաղաքական ուղերձ է ցանկացել հայտնել խանութների ցանցը պատկերող քարտեզում, ապա չէր զլանա այցելել ընկերության պաշտոնական վեբ-կայք, որտեղ պատկերված է Orange-ի ցանցի ծածկույթը Հայաստանում, և որտեղ կտեսներ Հայաստանի շատ ավելի մանրամասն քարտեզ՝ ներառյալ Արծվաշենի անկլավային տարածքը:
Հոդվածի հեղինակն ինքն էլ նկատել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Արծվաշենը ընդգրկված չէ այսօր օգտագործվող քարտեզներում: Այդ պարագայում մեզ համար խիստ անհասկանալի է, թե ինչու է հատկապես ընտրվել Orange-ի օրինակը, որին մեղադրանք է ներկայացվել անգամ վերնագրի մակարդակով: Հայաստանում այսօր մեծ ու փոքր առևտրային կազմակերպություններ՝ ներառյալ հեռահաղորդակցության ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ և այլն, ներկայացնում են Հայաստանի քարտեզը՝ առանց Արծվաշենը նշելու:
Եթե հոդվածագիրը ցանկացել է բարձրաձայնել Արծվաշենի վերաբերյալ իրեն մտահոգող խնդիրը և վերլուծել, թե ինչպես են հեռահաղորդակցության օպերատորները կամ առհասարակ առևտրային կազմակերպությունները պատկերում Հայաստանի քարտեզը, ապա նա թերևս կուսումնասիրեր տարբեր ընկերությունների պատկերած քարտեզները, պաշտոնական վեբ-կայքերը, օգտագործման բազմազան դեպքերը: Ցավով պետք է նշենք, որ վերջինս ոչ մի ամբողջական վերլուծություն կամ դիտարկում չի արել և պարզապես անհիմն մեղադրանք է ներկայացրել Orange-ին: Ցավոք, այստեղ չենք կարող տեսնել պարզապես թյուրիմացություն կամ լրագրողական աշխատանքի թերի կատարում, այլ ստիպված ենք տեսնել միտում:
Խնդրում ենք սույն պարզաբանումն ամբողջությամբ հրապարակել կայքում:
Հարգանքով՝ Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային կապերի պատասխանատու
Հրապարակելով պատասխանն ամբողջությամբ, ցանկանում ենք ներկայացնել մեր մի քանի նկատառումները: Նախ՝ պատասխանում՝ որպես արդարացում, ասվում է, թե կանգառներում փակցված պաստառում պատկերված է Հայաստանի սխեմատիկ քարտեզը, որի նպատակն է՝ ցույց տալ, թե ընկերությունը որ բնակավայրերում խանութներ ունի: Այս պնդումն ուղղակի անհեթեթություն է, քանի որ «Օրանժ Արմենիան» խանութներ ունի Հայաստանի սահմանափակ թվով համայնքներում, մինչդեռ քարտեզում պատկերված է Հայաստանի Հանրապետությունն, առանց Արծվաշենի: Ի՞նչն էր խանգարում ընկերությանը՝ այդ սխեմատիկ քարտեզի վրա պատկերել Արծվաշեն գյուղը, եթե այնտեղ ընկերությունը հանգամանքների բերումով խանութ չունի: Ի վերջո, Հայաստանի հարյուրավոր գյուղերում «Օրանժ Արմենիան» չունի խանութներ, սակայն դրանք պատկերված են քարտեզում:
Մյուս պնդումն այն է, թե մեր հրապարակումը միտումնավոր է պատրաստվել, այսինքն՝ միտում ունի վնաս հասցնել «Օրանժ Արմենիայի» բարի համբավին: Իրենց այս պնդումն արդարացնելու համար ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ բազմաթիվ այլ կազմակերպություններ օգտագործում են քարտեզներ, որոնց վրա չկա Արծվաշենի տեղանշումը, սակայն մեր հրապարակման մեջ հիշատակվում է միայն «Օրանժ Արմենիան»: Մենք «Օրանժ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին կարող ենք ցույց տալ տասնյակ և հարյուրավոր քարտեզներ, որտեղ Հայաստանը պատկերված է Արծվաշենի հետ: Ինչ վերաբերում է այլ ընկերություններին, ապա նրանց որևէ մեկը չի արդարացնում, բայց նրանք չեն պատրաստում Հայաստանի սխալ քարտեզը և այն տիրաժավորում Երևանի տասնյակ ավտոկանգառներում:
Մենք խորհուրդ տվեցինք «Օրանժ Արմենիա» ընկերության ներկայացուցչին, որ մեր հրապարակման մեջ միտումներ փնտրելու փոխարեն՝ ավելի ճիշտ կվարվեին, եթե փոխեին այդ քարտեզները: Սխալը կամ թյուրիմացությունն ընդունելը և այն ուղղելը որևէ մեկի չի հեղինակազրկում, այլ ընդհակառակը՝ ցույց է տալիս, որ տվյալ ընկերությունը պատրաստ է հաշվի առնել հանրային կարծիքը: Իսկ եթե այդ քարտեզները շարունակեն նույն տեսքով մնալ ավտոկանգառներում, այդ դեպքում միտումն իսկապես ակնհայտ կլինի: