«Դիփ խափում ին ու խափված ին»
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը երեկ հանդիպում էր կազմակերպել գործարարների հետ՝ վերջիններին հուզող հարցերը քննարկելու նպատակով: Ինչպես նշվում է հանձնաժողովի կայքում, տարբեր ոլորտների ավելի քան 30 ընկերությունների ղեկավարներ ներկայացրեցին այն խնդիրները, որոնց առնչվում են: Դրանք հիմնականում վերաբերվել են դաշտում առկա անբարեխղճության և խաբեության դրսևորումներին։
Մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է, որ Հայաստանում գործում են համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ, որոնք համակարգիչը վաճառում են չլիցենզավորված ծրագրերի հետ միասին, ինչի հետևանքով հնարավոր է լինում այն վաճառել համեմատաբար ցածր գնով: Ըստ Գ. Բարսեղյանի, նման վարքագծի հետևանքով տուժում են բարեխիղճ աշխատող ընկերությունները, բացի այդ սպառողը ևս խաբված է, քանի որ տեղեկացված չէ այդ մասին:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշել է, որ համակարգչային ծրագրի կեղծ կամ չլիցենզավորված լինելու հանգամանքը պետք է պարզվի համապատասխան փորձաքննությամբ և եթե «Մայքրոսոֆթ» ընկերությունը կարող է աջակցել մասնագիտական փորձաքննությունների անցկացման հարցում, ապա Հանձնաժողովը անմիջապես համապատասխան ուսումնասիրություն կսկսի:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» իրավաբան Արկադի Սահակյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մտահոգում է պետական գնումների համակարգը, մասնավորապես պետական կառույցների կողմից անցկացվող մրցույթների ընթացակարգերն ու դրանցում տեղ գտած խոչընդոտները:
«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ խոսել է օրենքի խախտմամբ եթեր հեռարձակվող գովազդների մասին, տեղեկացնելով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ գովազդում օգտագործում են ամենա, միակ, լավագույն և այլ արտահայտություններ, որոնք կարող են շփոթեցնել սպառողին: Բացի այդ, ըստ Ա. Մարտիրոսյանի, եթեր են հեռարձակվում նաև անչափահասների մասնակցղությամբ շատ գովազդներ, որը ևս անթույլատրելի է:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ գործարարների կողմից հնչեցված այս և այլ հարցերը կլինեն Հանձնաժողովի ու շադրության կենտրոնում և կուսումնասիրվեն, թե որքանով են դրանք առնչվում մրցակցային խնդիրների հետ: