Ջավախահայերի պահանջի պատճառով սրվել են Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի հարաբերությունները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վիրահայերը երկրի իշխանություններից պահանջել են անհապաղ վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: Դա սրել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև հարաբերությունները:
Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը և նման կերպ չմտածողներին մեղադրել է «հայկական ազգայնականության թողտվության» մեջ:
Ջավախքի խորհրդարանի ղեկավար Համլետ Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք պնդում են, որ Վրաստանի խորհրդարանը վերջապես վավերացնի Եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999 թվականին:
Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ այդ նախաձեռնությունը պատկանում է Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի պատգամավորներին: Կառավարությունում էլ հիշեցնում են, որ այդ խարտիային միանալու նախաձեռնողը եղել է ներկայիս նախագահը:
Վրաստանի վերաինտեգրման գծով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է. «1999 թվականին Սաակաշվիլին, հանդիսանալով իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, անպատասխանատու ձևով լոբբինգի է ենթարկել Վրաստանի կողմից այդ փաստաթղթի վավերացման պարտավորության ընդունումը:
Այն ժամանակ Սաակաշվիլին դա պատճառաբանել էր նրանով, որ ցանկանում է արագացնել Վրաստանի մուտքը ԵԽ: Նա այնքան էր ցանկանում այդ հարցում առաջ ընկնել Հայաստանից ու Ադրբեջանից, որ չմտածեց հետևանքների մասին: Այժմ երկիրն այլ ելք չունի և պետք է վավերացնի խարտիան: Հակառակ դեպքում մենք չենք ունենա եվրաինտեգրում»: