Ինչո՞ւ չեն կարողանում ասուլիս կազմակերպել
Ժամեր առաջ ավարտվեց իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի մամլո ասուլիսը: Ասուլիսը սկսվեց նախատեսված ժամից մի քանի րոպե շուտ, և, չգիտես՝ ինչո՞ւ, ասուլիսի կազմակերպիչներն այլևս թույլ չտվեցին լրագրողներին ձայնագրիչները դնել սեղանին: Իսկ լուսանկարիչների համար հստակ սահման էր դրված, որտեղից անցնել-լուսանկարելն անթույլատրելի էր:
Ի դեպ, մամուլի ասուլիսի կազմակերպիչները լրագրողներին նախապես զգուշացրել էին dress-code-ի մասին` սև պիջակ և սպիտակ վերնաշապիկ:
Ասուլիսը սկսելուց հետո հանկարծ պարզ դարձավ, որ հարցեր տալու համար լրագրողները նախապես գրանցվել էին, սակայն, ինչպես հասկացանք՝ ոչ բոլոր լրագրողներին էին նախապես հարցրել՝ հարց ունե՞ն երգչին, թե՞ ոչ:
Սրահում, որտեղ ընթանում էր մամուլի ասուլիսը, լարված մթնոլորտ էր: Լրագրողներն այնպիսի ագրեսիվ վարքագիծ էին դրսևորում մեկը մյուսի հանդեպ, որ տպավորություն էր, թե աշխարհի վերջն է, սրահում հրաշքով հայտնվել է Նոյի տապանը, ու փրկվելու ճանապարհը մեկն է, ինչն էլ անհասկանալիորեն դրդում էր որոշ լրագրողների՝ աջ ու ձախ նկատողություններ անել:
Սրահում ստեղծված լարվածությունը կրկնապատկում էին երգչի հետ եկած պատվիրակության անդամները, որոնց պահվածքից այն տպավորությունն էր, ասես լրագրողներին, մեղմ ասած, հազիվ են հանդուրժում:
Սա անխոս դժգոհության ալիք բարձրացրեց սրահից դուրս եկած լրագրողների շրջանում: Ու, կարծես, անհասկանալի էր մնում գլխավոր հարցը` ընդհանրապես ի՞նչ գործ ունեին լրագրողներն այդ ասուլիսին:
Ասուլիսից անմիջապես հետո երգչի «պատվիրակները» ճանապարհ էին «հարթում» նրա համար, ընդ որում`կոպիտ ձևով վերաբերվելով ասուլիսի «հյուր-լրագրողներին»: Ավելին` պարզվեց, որ հյուրանոցի սպասասրահում հաղորդում է տեսագրվելու, և լրագրողներին` սրահն «ազատելու» կոչերը դարձան ավելի գռեհիկ:
Եթե պարոն Խուլիո Իգլեսիասի պատվիրակներն այդպես վարվեին իրենց հայրենիքում, ապա գուցե հասկանալի կլիներ, բայց այն, որ նրանք, լինելով հյուրի կարգավիճակում, այդպես են վարվում հյուրընկալած երկրում` վկայում է տվյալ երկրի քաղաքացու նկատմամբ հարգանքի բացակայության մասին…