Մենք Հայաստանին բաց առաջարկ ենք արել պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին. Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքի (www.tccb.gov.tr) փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ Շվեդիայում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին.

«Շվեդիայի խորհրդարանն ընդունել է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների մասին բանաձև: Սակայն այդպիսի հարցերը չեն վերաբերում խորհրդարաններին: Անհրաժեշտ է, որ այդօրինակ հարցերը դիտարկվեն պատմաբանների կողմից:

Մենք Հայաստանին արել ենք բաց առաջարկ. եկեք ստեղծենք պատմաբանների համատեղ հանձնաժողով: Եթե որևէ երրորդ երկիր հետաքրքրություն ցուցաբերի, ապա կարող է մասնակցել դրան: Այսպիսի գործերը պետք է թողնել գիտնականներին: Դրանք չպետք է քննվեն քաղաքական գործիչների կողմից, դա սխալ է»:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հայ համայնքն Աբդուլլահ Գյուլին դիմավորել էր «Թուրքիա՛, ճանաչի՛ր 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը» օդային ուղերձով:
Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձն ընդունել է 2010 թվականի մարտի 11-ին:

Փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն, ընդ որում` հիշատակված են ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների և Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները.

«Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի Եվրամիության և ՄԱԿ-ի շրջանակներում` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում կհանդիսանա ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլև կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»:

Ի դեպ, 2012 թվականի մայիսի սկզբին թուրք պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Ինալջըքը հայտարարեց, որ աշխարհի 30 երկրի աչքն օսմանյան արխիվի վրա է. «Երեք մայրցամաքները ներկայացնող մոտ 30 երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում օսմանյան արխիվի հանդեպ: Խոսքը հիմնականում նախկինում Օսմանյան կայսրության կազմում ներառված երկրների մասին է:

Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով ի հայտ են եկել 26 կամ ավելի շատ երկրներ: Այդ երկրները շահագրգռված են տվյալ արխիվում պահվող և իրենց առնչվող տնտեսական, սոցիալ-մշակութային ու ժողովրդագրական փաստաթղթերի հետազոտմամբ, քանի որ այդ արխիվում պահվում են տվյալ տարածաշրջանի պատմությանն առնչվող փաստաթղթեր»:

Տեսանյութեր

Լրահոս