Բաժիններ՝

Ինչպես են հայերը միլիոններ տանում ամերիկյան բյուջեից

Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր (և է) ներքաղաքական իրադարձությունների վրա, աշխարհում կատարվում են բաներ, որոնք ուշադրությունից դուրս են մնում։ Ընդ որում՝  կատարվում են դրսում, բայց վերաբերում են հայերին։

Մոտ 10 օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ Սան Ֆերնանդոյում խարդախության համար ձերբակալվել են մի խումբ հայեր, որոնք գողանալով տարբեր անձանց անձնական տվյալները և հարկերի վերադարձի կեղծ հայտարարագրեր լրացնելով՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունից (IRS – Internal revenue service) ստացել են շուրջ 10 միլիոն դոլար։

Ձերբակալվել են 47-ամյա Աշոտ Կարապետյանը` Հյուսիսային Հոլիվուդից, 33-ամյա Սուրեն Ղամբարյանը` Հյուսիսային Հոլիվուդից, 33-ամյա Արտակ Բերբերյանը` Վան Նայսից, 47-ամյա Վիգեն Ծատուրյանը` Սեն Վելիից, 33-ամյա Արմեն Բերբերյանը` Վան Նայսից, և 30-ամյա Արման Զարգարյանը` Գրանադա Հիլզից։ Դրանից բացի, 33-ամյա Հակոբ Կանտրձյանը` Սիլմարից, և 31-ամյա Դավիթ Սամսոնյանը` Ուինեքթիից, փախուստի մեջ են։

Ի՞նչ է նշանակում՝ հարկերը վերադարձնել

Կարդացեք նաև

Ի՞նչ մեխանիզմով է կատարվել խարդախությունը։ Հայաստանում ապրողներից քչերին է հասկանալի, թե ինչպես կարելի է հարկային մարմնից փող ստանալ և յուրացնել։ ԱՄՆ-ում, փաստորեն, դա հնարավոր է։ Ավելի ճիշտ՝ փող ստանալը հնարավոր է, յուրացնելը՝ որոշ դեպքերում։

Այսպես, ԱՄՆ քաղաքացիները տարվա ընթացքում վճարում են հարկեր՝ աշխատավարձ, այլ եկամուտներ ստանալիս, և այլն։ Նրանք ոչ թե հարկային հայտարարագիր են լրացնում, այլ գումարի մի մասն ավտոմատ փոխանցվում է պետական գանձարան։ Տարին ավարտելուց հետո ամերիկացիներն ամփոփում են ֆինանսական տվյալները։ Հաշվարկներ են անում և հայտարարագիր են լրացնում։ Լրացնում են նաև, այսպես կոչված, 1040 ձևը՝ եկամտահարկի վերադարձի հայտարարագիրը (Income Tax Return form)։

Ամենակարևոր պահն այստեղ այն է, որ հարկերի չափը կարող է նվազեցվել՝ կախված հարկատուի սոցիալական կարգավիճակից, առողջական վիճակից, գործունեության բնույթից, և այլն։ Եթե  հարկատուն տարվա ընթացքում վճարել է, ենթադրենք՝ 2000 դոլար, սակայն նվազեցումներից հետո պարզվում է, որ պետք է վճարեր 1500 դոլար, ապա նշանակում է, որ IRS-ը հարկատուին պարտք է մնացել 500 դոլար։ Հարկատուն լրացնում է հայտարարագիրն ու ուղարկում IRS-ին՝ նրանից պահանջելով ետ վերադարձնել 500 դոլարը։

IRS-ը քննարկում է բոլոր հայտարարագրերն ու յուրաքանչյուրի համար առանձին որոշում կայացնում։ Լինում է, որ հարկատուի հաշվարկն ամբողջությամբ ճիշտ է համարվում և պահանջված գումարն ուղարկվում է։ Լինում է, որ մերժվում է։ Առավել հաճախ՝ IRS-ը փոխհատուցում է մասնակի։ Այսինքն՝ հարկատուի պահանջած 500 դոլարի փոխարեն՝ ետ է վերադարձնում 200-ը կամ 300-ը։

Հաջորդ կարևոր պահն այն է, որ կան մեծ թվով մարդիկ, ովքեր չեն լրացնում 1040 ձևը։ Կամ ձևերը չգիտեն, կամ էլ «զահլա» չունեն թղթաբանությամբ զբաղվել։ Ստացվում է, որ նրանք մեծահոգաբար իրենց գումարները թողնում են պետությանը։

Եվ այստեղ, «օգնության են գալիս» հայերը

Ինչպես նշվում է մեղադրական եզրակացության մեջ, մեր հայրենակիցները կարողացել էին հավաքել 1844 անձանց անձնական տվյալներ, ովքեր վերջին տարիներին 1040 ձևը չեն լրացրել։ Դրանք հիմնականում եղել են թոշակառուներ և անօթևաններ։ Օգտագործելով նրանց տվյալները՝ խումբը 2010 թվականից ի վեր լրացրել է  ավելի քան 2500 կեղծ հայտարարագիր և IRS-ից պահանջել շուրջ 19 միլիոն դոլար։ IRS-ը համաձայնել է փոխհատուցել 9.9 միլիոն դոլարը։

IRS-ը չեկերն ուղարկել է թոշակառուների և անօթևանների հասցեներով։ Սակայն դրանք հասել են հանցավոր խմբի անդամներին։ Նրանք այնուհետև կանխիկացրել են չեկերը վստահելի կանխիկացման կետերում՝ դրանց թողնելով եկամտի մի մասը։ Այսպես ասած՝ փայը։

Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչպես են չեկերը հայտնվել հայերի ձեռքում։ Մեր տեղեկություններով՝ հանցավոր խմբի անդամները համաձայնության են եկել նաև փոստատարների հետ։ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները պատմում են, որ IRS-ի կողմից չեկերի ուղարկման օրերին փողոցներում կարելի էր տեսնել «հերթապահություն» անող հայերի, որոնք անհամբեր սպասում էին փոստատարներին։

Կարճ ասած՝ մշակվել է մի մեխանիզմ, որը 2-3 տարի անխափան աշխատել է։ Կամ՝ թվացել է, որ անխափան է աշխատում։ Դա տևել է մինչև այն պահը, երբ Ոստիկանությունը թակել է խմբի անդամների դռները։

Ինչպե՞ս է հաջողվել մի քանի տարի թեթևացնել պետական գանձարանը

9.9 միլիոն դոլարը քիչ գումար չէ՝ անգամ ԱՄՆ-ի պես հարուստ երկրի համար։ Այն, իհարկե, չի կարելի համեմատել Medicare-ի հայտնի գործով ամերիկյան գանձարանից հափշտակված 163 միլիոն դոլարի հետ։ Սակայն 1000 դոլար էլ չի, որ իշխանությունները ալարեին զբաղվել այդ գործով։

Գործողությունը, որի շրջանակներում ձերբակալվել են խմբի անդամները, կոչվել է «ազգային հարստություն» («Operation National Treasure») և իրականացվել է մի քանի կառույցների համատեղ ուժերով։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ խմբի անդամները բավականին կոնսպիրատիվ են գործել։ Մասնավորապես, օգտագործել են կոդավորված լեզու, միմյանց դիմել են կեղծանուններով, վարորդական իրավունքներում և այլ փաստաթղթերում նշել են կեղծ հասցեներ իսկ ստացված գումարներով ձեռք են բերել անշաժ գույք՝ երրորդ անձանց միջոցով։

Սակայն, որքան էլ կոնսպիրատիվ գործեին այս գործում ներգրավվածները, միևնույն է՝ այն, վաղ թե ուշ, բացահայտվելու էր։

Նախ՝ նշենք, որ նրանց գործունեությունը թեկուզ հենց միայն հայերի միջավայրում տարածված է եղել։ Միգուցե բուն կազմակերպիչներին շատերը չեն ճանաչել, սակայն այն, որ Կալիֆոռնիայում մի խումբ հայեր զբաղվում են IRS-ից գումարներ «տանելով»,  ամենևին գաղտնիք չի եղել։ Կարելի է համոզված ասել, որ իշխանությունները վաղուց են իմացել այս ամենի մասին, պարզապես ձերբակալությունը հետաձգել են՝ ամբողջական շղթան բացահայտելու համար։ Ի վերջո, չի կարելի 2-3 տարի մեծ գումարներ յուրացնել և հույս ունենալ, որ դրա ետևից ոչ ոք չի գալու։

Այս դեպքը շատերին հիշեցրեց ոչ վաղ անցյալում մեծ աղմուկ հանած Medicare-ի գործը։

ԱՄՆ-ում ապրող և անցուդարձին տեղյակ մեր հայրենակիցները նշում են, որ, ի տարբերություն IRS-ի, Medicare-ը կարող էր մինչ օրս շարունակվել, եթե չխանգարեր ագահությունը և հայկական «արխայինությունը»։

Ինչպես պատմում են ամերիկյան հայերը, Medicare-ի գործով անցնողները սկզբում ամեն ինչ անում էին, որ ամբողջն անթերի լինի, իրականությանը մոտ։ Նորմալ տարածք էին վարձակալում, ցուցանակ կախում, ձեռք բերում բժշկական սարքավորումներ, պահում որոշակի աշխատակազմ։ Հիվանդներն էլ իրական մարդիկ էին։ Գոնե դրանց մի մասն իրականում բուժօգնություն ստանում էր։ Հետո սկսեցին ակնհայտ մատների արանքով նայել կազմակերպչական հարցերին։ Բավարարվում էին ընդամենը մի խղճուկ, քարուքանդ գրասենյակով՝ առանց սարքավորումների և աշխատակազմի։ Ջանք չէին թափում՝ հիվանդներ ներգրավելու։ Դրա փոխարեն՝ հաքերներից գնում էին տարբեր մարդկանց անձնական տվյալներ, նրանց անունով ձևակերպում բժշկական ծառայություններ և հաշիվը ներկայացնում պետությանը։  Այնքան շատ մարդիկ էին այս ամենում ներգրավված, որ այն վերածվել էր ինչ-որ իմաստով՝ մի մեծ հասարակական գործի։ Ավելին, այս գործին հայերը մի որոշակի փուլի ներգրավել էին նաև սևամորթներին։ Օրինակ՝ ծանոթություն են հաստատել ակտիվ և իրենց թաղամասերում հեղինակություն վայելող սևամորթների հետ և առաջարկել նրանց վաճառել թաղամասի բնակիչների անձնական տվյալները՝ միջինը 50 դոլարով։ Հետո այդ մարդկանց անուններով լրացրել են մի քանի հարյուր կամ հազար դոլարի հաշիվներ և ստացել գումարները։

Ի մի բերելով վերջին շրջանում հայերի մասնակցությամբ քրեական պատմությունները՝ կարելի է եզրակացնել, որ մեր հայրենակիցները քայլում են ժամանակին համահունչ և կոպիտ մեթոդների փոխարեն՝ գերադասում են քաղաքակիրթ մեթոդներն ու բարդ սխեմաները։ Այսինքն՝ ցուցաբերում են որոշակի հմտություններ և գիտելիքներ։ Ի դեպ, որքանէլ տարօրինակ հնչի՝ ֆինանսական վնասից բացի, նրանք օգնում են ամերիկյան պետությանը։ Օգնում են՝ կատարելագործել սեփական օրենքներն ու վերացնել վտանգավոր սողանցքները։

Սարգիս Ղազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս