
Ճապոնիայում հարգում են երկու տարի առաջ գրանցված ուժգին երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Տոկիոյում ու Ճապոնիայի մյուս քաղաքներում հարգում են ուղիղ երկու տարի առաջ գրանցված ուժգին երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակը: Ճապոնական քաղաքների փողոցներում աղետի գրանցման պահին հայտարարվել է լռության րոպե:
Տոկիոյում կազմակերպված սգո արարողությանը մասնակցել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և կայսր Ակիխիտոն, ինչպես նաև օտար երկրների դեսպաններ ու ներկայացուցիչներ:
2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելյան հատվածում գրանցվել էր 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը պաշտոնապես ստացավ «Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ» անվանումը: Այն առաջացրեց խոշորագույն ցունամի, որը «ծածկեց» 561 քառակուսի կիլոմետր տարածք:
Ընդհանուր առմամբ, բնական աղետից տուժեց 62 քաղաք և գյուղ, զոհվածների ու անհետ կորածների քանակը գերազանցեց 20.000-ը: Զոհվածների մոտ 93 տոկոսը դարձավ վիթխարի ալիքի զոհը: Ամբողջությամբ կամ կիսով չափ ավերվեց 126.000 շինություն, մասնակիորեն վնասվեց մոտ 380.000 շինություն:
Բնական աղետի հետևանքով՝ վթարի ենթարկվեց «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը, որը ցունամիի պատճառով զրկվեց իր էլեկտրամատակարարման բոլոր աղբյուրներից, ինչն էլ հանգեցրեց ռեակտորների հովացման համակարգերի աշխատանքի դադարեցմանն ու միջուկային վառելիքի հալեցմանը:
Ատոմակայանի վթարի հետևանքով՝ ռադիոակտիվ նյութերը հայտնվեցին մթնոլորտում ու օվկիանոսում: Վթարի հետևանքների վերացումը՝ ներառյալ ռեակտորների ապամոնտաժումը, կտևի մոտ 40 տարի: