Բաժիններ՝

«Բարձր արվեստ» կենտրոնը՝ կրկին «Art Monaco-Expo» ցուցահանդեսում

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ ապրիլի 25-28-ը, Մոնակոյում կայանալու է «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառը:

Հիշեցնենք, որ այս միջոցառումը համարվում է աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկը, որտեղ արվեստի նմուշներ ներկայացնելու հնարավորություն ունեն բացառապես գալերեաները:

Այս միջոցառմանը մասնակցել ձգտող պետություններն ու պատկերասրահները ռեսուրս չեն խնայում՝ պատշաճ ներկայանալու համաշխարհային հեղինակություն վայելող «Art Monaco-Expo» ցուցահանդեսին, քանի որ այն ոչ միայն համագործակցության դաշտ է ստեղծում, այլև՝ թույլ է տալիս այդ տարածքում աշխարհին ներկայացնել տվյալ երկրի արվեստը: Նշենք նաև, որ «Art Monaco-Excpo»-ն համարվում է արվեստի գործերի ցուցադրման աշխարհի 10 լավագույն ցուցահանդես-տոնավաճառներից մեկը: Ըստ նախնական տվյալների՝ այս տարի «Art Monaco-Expo» ցուցահանդեսին մասնակցելու են 90-ից ավելի երկրներ, 99 պատկերասրահներ և 4000 էքսպոնատ: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի Հայաստանից ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու է «Բարձր արվեստ» կենտրոնը, որի՝ Ֆրանսիայից ձեռք բերված` Երվանդ Քոչարի տարածական գործը «Art Monaco-Expo-2012» ցուցահանդեսին արժանացել էր լավագույն գործ մրցանակին:

Varuzhan Vardanian (2)

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

Վարուժան Վարդանյան

«Բարձր արվեստ» կենտրոնի, «Շեդևր» գալերեայի հիմնադիր-նախագահ Արմինե Քոչարյանն ասում է, որ նախորդ տարվա մասնակցությունը մեծ փորձառություն էր՝ այս տարի առավել ներկայացուցչական հանդես գալու համար: «Անցյալ տարի մենք ջանք չխնայեցինք ներկայացուցչական տաղավարով հանդես գալու համար: Դա, բնականաբար, շատ ծախսատար էր և բիզնեսի տեսանկյունից ձեռնտու չէր, բայց քանի որ առաջին անգամ էինք մասնակցում, նաև հասկանում էինք, որ անհրաժեշտ է նույնիսկ ֆինանսական կորուստների գնով Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնել: Պետք է նշեմ, որ բավական լավ արձագանք ստանալուց զատ` աշխարհի շատ հեղինակավոր գալերեաներ համագործակցության առաջարկներ արեցին և առայսօր կապ են պահպանում մեզ հետ»,- վստահեցնում է Ա. Քոչարյանը՝ հավելելով, որ անցյալ տարի «Art Monaco-Expo»-ում կենտրոնը ներկայացել է 26 նկարչի՝ 40-ից ավելի արվեստի ստեղծագործություններով:

Henrik Elibekian

 

Հենրիկ Էլիբեկյան

Հիշեցնենք, որ անցյալ տարվա «Art Monaco-Expo»-ում երկու շատ կարևոր և նշանակալից իրադարձություն եղավ: «Բարձր արվեստ» կենտրոնը ցուցահանդեսին ներկայացրեց Ֆրանսիայից ձեռք բերված` Երվանդ Քոչարի 1927թ.-ի հազվագյուտ տարածական ստեղծագործությունը, որը շատ մեծ իրարանցում էր առաջացրել «Art Monaco-Expo»-ում, ընդհուպ անգամ այդ գործը նայելու համար զանգվածային հերթեր էին գոյացել: «Բարձր արվեստ» կենտրոնը ցուցահանդեսի արդյունքների ամփոփումից հետո համարվել է լավագույն գործ ներկայացնող կենտրոնը, քանի որ Քոչարի տարածական գործն արժանացել է «Արվեստի լավագույն ստեղծագործություն» մրցանակին: Նաև նշենք, որ «Art Monaco-Expo» ցուցահանդեսն անցյալ տարի ազդարարվել է Քոչարի տարածական գործով, որը համարվել է ցուցահանդեսի խորհրդանիշը և տպագրվել է բոլոր ստենդների, պաստառների վրա: Այն փակցված է եղել ինչպես` Գրիվալդի կենտրոնի, այնպես էլ՝ Մոնակոյի աչքի ընկնող բոլոր վայրերում, մինչև անգամ` հյուրանոցում:

Ashot Hovhanisyan

Աշոտ Հովհաննիսյան

«Այս տարվա մեր մոտեցումները մի փոքր այլ են, քանի որ վստահ ենք՝ անցյալ տարվանից ակտիվ է լինելու ցուցահանդես-տոնավաճառը: Տեղեկություն ունենք, որ նորարարություն են ներմուծել. ապրիլի 25-ի երեկոյան, «Vip» բացման օրը կայանալու է «Քրիստիս» աուկցիոնը: Մեզ վերապահված է ներկայացնել երկու գործ, որի համար արդեն ուղարկել ենք մեր ժամանակակից նկարիչներից Այվազի և Մեգալի մեկական գործ»,- ասում է Ա. Քոչարյանը՝ հավաստիացնելով, որ չի կարելի հանպատրաստի դասականներին ներկայացնել «Քրիստիս», հետևաբար` «Բարձր արվեստ» կենտրոնը ժամանակակիցներին ներկայացնելով` որոշակի ռիսկի է գնացել:

Е. Кочар Е. Кочар (2)

Երվանդ Քոչար

Ինչևէ, «Art Monaco-Expo»-ին «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացուցչության բոլոր հարցերն այսօր քննարկման փուլում են: Նախնական տվյալներով՝ ներկայացուցչական մասն ապահովելու համար, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Լևոն Թութունջյան, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Երվանդ Քոչար, Բաժբեուկ Մելիքյան: Առայժմ հստակեցված չէ՝ վերոնշյալ հեղինակների գրաֆիկական գործերո՞վ, թե՞ կտավներով ներկայանալ: Դրանից բացի, կներկայացվեն Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ), Հենրիկ և Ռոբերտ Էլիբեկյանների, Վարուժան Վարդանյանի, Այվազի, Ռաֆայել Մեգալի, Ֆելիքս Եղիազարյանի, Խաչատուր Մարտիրոսյանի և այլ հեղինակների գործերը: «Կենտրոնում գործում է արվեստաբանների խորհուրդ, որը հիմա քննարկում է, թե ինչ նկարչություն և որ հեղինակներին ներկայացնենք: Առայժմ հստակեցված է նշված հեղինակների մասնակցությունը, և առաջիկայում կհրապարակենք ամբողջական ցանկը: Այնուամենայնիվ, կցանկանայի շեշտել, որ մեզ համար սա ոչ թե բիզնեսային, այլ՝ բրենդային ծրագիր է»,- ասում է «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր-նախագահը: Ի դեպ, հայաստանյան ներկայացուցչությունը «Art Monaco-Expo»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարդկանց ծանոթացնում է նաև հայ նկարչության ողջ տեղեկատվությանը՝ գրքերի, կատալոգների, տեղեկատվական բուկլետների միջոցով: «Մեզ հետ մեկնող անձնակազմն անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն լեզուներով ապահովում է մարդկանց հետաքրքրությունները: Մեզ հետ մասնակցելու է նաև արվեստաբան: Ընդհանրապես շատ ծանր աշխատանք է սպասվում, որովհետև մենք պետք է մեկ օրվա մեջ կազմակերպենք մեկնումը, նկարների տեղափոխումը, և մեկ երեկոյի ընթացքում նաև կազմակերպենք էքսպոզիցիան: Այստեղ նախանշում ենք էքսպոզիցիան և քիչ փոփոխություններով այն իրականացնում ենք Մոնակոյում: Անկեղծ ասած՝ անցյալ տարի շատ թանկ՝ մոտ 12.000 եվրո կազմեց նկարների տեղափոխումը, և հասկացանք, որ Հայաստանն իսկապես շրջափակման մեջ է: Օդային ուղուց բացի, այլ ճանապարհ չունեինք, իսկ օդային ուղիներն իրենց մենաշնորհը չարաշահելով` աստղաբաշխական գումարներով են փոխադրումներ իրականացնում: Մարդիկ զարմանում էին, թե մենք ինչ գներով ենք նկարը տանում, հետ բերում: Նույնիսկ իտալացիները մեզ առաջարկում էին նկարները թողնել, ասելով՝ մենք կտեղափոխենք Իտալիա, կվաճառենք` գումարը կուղարկենք: Այս տարի որոշեցինք կրկին օդանավով տեղափոխել, բայց նկարները կքանդենք, կփաթաթենք ու այնտեղ նորից կհավաքենք, ինչն էլ իր հերթին` բավականին մեծ ծախս ու կազմակերպչական ռեսուրսներ է պահանջում»,- հավաստիացնում է Ա. Քոչարյանը: «Բարձր արվեստ» կենտրոնի կապը դրսի հետ, ինչպես նաև «Art Monaco-Expo»-ի մասնակցության փորձը ցույց է տվել, որ աշխարհին հետաքրքրում է 1960-ական թվականի հայ նկարչությունը, և ավելի պակաս հետաքրքրություն է ցուցաբերվում ժամանակակից նկարչության հանդեպ: Ա. Քոչարյանը կարծում է, որ ժամանակակից նկարիչները խնդիր ունեն ինչպես` նկարչության, այնպես էլ՝ ուսման հետ կապված: Հայաստանում, ըստ նրա, կերպարվեստի ոլորտում վակուում կա, որի հետևանքով շատ նկարիչներ կարծում են՝ արդեն նվաճել են ողջ աշխարհը՝ առանց հասկանալու, որ իրենց տպավորությունները թղթին կամ կտավին հանձնելն ընդամենն արտատպված նկարչություն է: Այդուհանդերձ, ըստ Ա. Քոչարյանի՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտակցելով «Art Monaco-Excpo»-ին Հայաստանի մասնակցության կարևորությունն, այս տարի իր աջակցությունն է առաջարկել: Նշենք նաև, որ «Art Monaco-Expo»-ին մասնակցելու համար «Բարձր արվեստ» կենտրոնը զբաղեցնելու է հսկայական տարածությամբ տաղավարներ. «Մեր սրահը լինելու է շատ մեծ և տեղակայվելու է ցուցահանդեսի ամենաներկայացուցչական տարածքում: Որևէ բան չենք խնայում պատշաճ ներկայանալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս