ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» չկարողացան համաձայնության գալ առանցքի շուրջ

Ընդամենը երեկ մեկնարկած ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» քաղաքական կոնսուլտացիաներն այսօր արդեն տապալվել են: Համենայն դեպս, այսօր «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը շատ արագ լքել են ՀՅԴ ԳՄ շենքի տարածքը, որտեղ վերսկսվել էին երեկ մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաները:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ շենքում Դաշնակցության նախաձեռնությամբ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» մասնակցությամբ սկսվել էին քաղաքական կոնսուլտացիաներ, որի նպատակը Երևանի խորհրդի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելն էր:
Ինչո՞ւ են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանն այդքան շուտ լքել ՀՅԴ ԳՄ շենքը, այն դեպքում, երբ ԲՀԿ ներկայացուցիչները նրանց հեռանալուց հետո դեռ բավական երկար մնացել են ԳՄ գրասենյակում: Մեր ունեցած տեղեկություններով՝ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ միավորումը կարող է կայանալ միայն մի դեպքում. եթե այդ միավորման առանցքը լինի ԲՀԿ-ն: «Ժառանգության» ներկայացուցիչներն անակնկալի գալով հարցի նման դրվածքից՝ հայտարարել են, որ համախմբումը կարող է լինել միայն «Ժառանգության» առանցքի շուրջ: Այս վեճում կողմերից յուրաքանչյուրն ունի իր փաստարկներն ու հակափաստարկները:

«Ժառանգության» ներկայացուցիչները համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում Երևանի մի քանի վարչական շրջաններում հաղթել է Սերժ Սարգսյանին, իսկ որտեղ էլ պարտվել է՝ միայն փոքր տարբերությամբ: Այնպես որ, տրամաբանական կլինի, որ միավորումը լինի հենց «Ժառանգության» և նրա առաջնորդի շուրջ:

Եվ այդ դեպքում ընտրություններում հաղթանակը երաշխավորված կլինի: ԲՀԿ-ականներն էլ նշում են, որ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքում ԲՀԿ-ն «Ժառանգությունից» անհամեմատ շատ ձայն է հավաքել, Երևանի որոշ տեղամասերում ԲՀԿ ներկայացուցիչները հաղթել են, և, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում որոշակի հաջողություն է ունեցել, ապա միայն այն պատճառով, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի ունեցել, և ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Կարդացեք նաև

Պարզ է, որ վեճը վերաբերում է նրան, թե ով կպարտադրի իր առաջնորդությունը, իսկ ով կընդունի մյուսի գերազանցությունը: Քանի որ կողմերն անհաշտ են մնացել իրենց դիրքորոշման մեջ, և «Ժառանգության» ներկայացուցիչները համարել են, որ չեն կարող ընդունել ԲՀԿ-ի կապիտուլյացիոն պահանջները, անիմաստ են համարել շարունակել քաղաքական խորհրդակցությունները:

Այն, որ ԲՀԿ-ն համարում է, որ միավորման առանցքը պետք է լինեն հենց իրենք, հաստատել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այսօր կայացած ԲՀԿ քաղխորհրդի հերթական նիստի ժամանակ, որի օրակարգում եղել է Երևանի խորհրդի ընտրություններին ԲՀԿ մասնակցության հարցը: Ծառուկյանն իր ելույթում ասել է, որ ԲՀԿ-ն մնում է ավելի լայն համախմբման կողմնակից, և այդ ուղղությամբ քաղաքական կոնսուլտացիաները շարունակվելու են, սակայն հատուկ շեշտել է, որ նման համախմբումը կարող է կայանալ միայն ԲՀԿ առանցքի շուրջ:

«Ժառանգությունը» ցանկանում էր կուլ տալ ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն, ընդհակառակը՝ կգերադասեր ինքը նվաստացնել ու կուլ տար «Ժառանգությանը»: Նրանք պայքարում են ընդդիմադիր դաշտում առաջինը լինելու համար: ԲՀԿ-ն, նման հաջողված փորձ ունի. նա ժամանակին կուլ տվեց ՀԱԿ-ին, հիմա փորձելու է նույնն անել «Ժառանգության» հետ: Որքանո՞վ դա կհաջողվի ԲՀԿ-ին, ցույց կտան Երևանի խորհրդի ընտրությունները: Ընտրությունների ինտրիգը լինելու է ոչ այնքան ՀՀԿ-ի հաղթանակը կամ պարտությունը, որքան պայքարը երկրորդ տեղերի համար: Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղ էր գրավել ԲՀԿ-ն, նախագահականում՝ «Ժառանգությունը»: Երևանի խորհրդի ընտրությունները լինելու են այս երկու կուսակցությունների եզրափակիչը, որի հաղթողը հռչակվի Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր կուսակցություն և և իրավունք կստանա առաջիկա չորս տարիներին ղեկավարել համաժողովրդական շարժումն՝ ընդդեմ ատելի վարչակազմի:

Տեսանյութեր

Լրահոս