Ի՞նչ է անելու կամ ասելու Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ից հետո
Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը դեռևս ՀՀ նախագահի ընտրություններից առաջ 168.am-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական միապաղաղ մթնոլորտի, կանխորոշված ընտրությունների մասին՝ լավատեսական դիտարկում էր կատարել՝ նշելով, որ «հրաշքներ» լինում են: Նույն լավատեսությունը, սակայն, նա չունի հետընտրական զարգացումների այս համատեքստում:
«Ես նույնքան լավատես չեմ հետընտրական զարգացումների հարցում, բայց էն, ինչ տեղի ունեցավ՝արդեն ձեռքբերում է: Մեր հասարակության շատ ստվար զանգված դիմադրեց ընտրակաշառքին, ահաբեկումներին, մերժեց վիճակը, երբ իշխող կուսակցությունը դարձել է իշխող դասակարգ: Մեր հասարակությունն ավելի առաջադեմ գտնվեց, քան քաղաքական ուժերը, որոնք ասում էին, թե ընտրությունները ֆարս են, պետք չէ գնալ քվեարկության, և ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկին չէին հավատում… Անելանելի դրություն շատ հազվադեպ է լինում, ինչպես, Աստված մի արասցե, 1937 թվականի ՍՍՀՄ-ում, ֆաշիստական Գերմանիայում, ԿԳԲ-ով, գեստապոյով, համակենտրոնացման ճամբարներով, մնացած դեպքերում պետք է պայքարել, պայքարը դարձնել կենսակերպ: Մարդիկ ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց կա՞ ներուժը, որը կարող է բերել արմատական փոփոխությունների` դժվարանում եմ ասել»,- ասել է Վահրամ Մարտիրոսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցող հանրահավաքներին զուգընթաց՝ այսօր ներքաղաքական թիվ մեկ քննարկվող թեման Երևանի ավագանու (քաղաքապետի) ընտրություններն են և քաղաքական ուժերի՝ այդ ընտրություններին մասնակցության ձևաչափերը: Շատերի կարծիքով, սակայն, մայիսին տեղի ունենալիք այդ ընտրությունները կարող են դառնալ հանրահավաքներին հակազդող գործընթաց:
Ըստ Վահրամ Մարտիրոսյանի՝ «Կա էդպիսի ենթատեքստ իշխանության խոսափողների ելույթներում. իբր, էս ընտրությունները դնենք մի կողմ, ինչ եղել է՝ եղել է, տղա եք, քաղաքապետի պաշտոնը վերցրեք: Ցավոք, մեր հասարակությունը նույնիսկ Ազգային ժողովի ընտրությունները չի համարում երկրի համար բախտորոշ: Օրինակ, ինձ համար ԱԺ-ն ավելի կարևոր մարմին է, քան` նախագահը, որովհետև էնտեղ պետք է մշակվի մեր զարգացման փիլիսոփայությունը: Էսօր Ազգային ժողովը նախագահի կցորդն է: Ոչ մի լուրջ քննարկում, բոլոր քվեարկությունները՝ կանխորոշված… Երևանի քաղաքապետի ընտրությունն առավել ևս համեմատելի չէ նախագահի ընտրության հետ»:
Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է իմանա՝ ապրիլի 9-ից` ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Պիտի ասի՝ կներեք, չստացվեց, ես գնամ տո՞ւն», թե՞ պետք է ասի` «մնանք հրապարակում՝ մինչև բավարարվեն էս-էս-էս պահանջները»:
Հարց, որի պատասխանը մտահոգում է հասարակությանը և քաղաքական ուժերին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: