1200 հիվանդ գտնվում է դիսպանսեր հսկողության տակ

Հայաստանում լիմֆոմաներով հիվանդների թվի աճ է արձանագրվում: Այս մասին այսօր Հայկական արյունաբանական ասոցիացիայի և Ռուսաստանի  Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի կազմակերպած գիտաժողովի ընթացքում  ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական  կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

«Ամեն տարի Հայաստանում առաջնակի ախտորոշվում  է լիմֆոմայի մոտ 100 դեպք: Ներկայումս Հայաստանում դիսպանսեր հսկողության  տակ է գտնվում լիմֆոմայով 1200 հիվանդ»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը: Վերջինիս խոսքով՝ լիմֆոմաները հաճախ հանդիպող հիվանդություններ չեն, սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում դրանցով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է:

Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ տարբերակվում է լիմֆոմաների 30 տարատեսակ: Այս հիվանդությունների դեպքում ախտահարվում են ավշային հանգույցները, տարբեր օրգան համակարգեր, այդ թվում՝ մարդու իմունային համակարգը:

«Առողջապահության նախարարի կողմից կա հանձնարարություն մեզ՝ արյունաբաններին, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում ներկայացնել և հաստատել արյան հիվանդությունների, մասնավորապես՝ լիմֆոմաների բուժման ստանդարտները, և այս գիտաժողովը կայանում է նրանում, որ քննարկվելու են լիմֆոմաների բուժման ժամանակակից սխեմաները, ասոցիացիայում քննարկվելուց հետո այն ներկայացվելու է Առողջապահության նախարարության հաստատմանը, հետևապես՝ Հայաստանում գտնվող հիվանդների ախտորոշման գործընթացը կազմակերպելու ժամանակ պետք է բժիշկներն ուղղորդվեն այդ ստանդարտներում գրված ցուցումներով: Բուժումը ևս պետք է իրականացվի պրոտոկոլների համապատասխան: Դեղորայքը, որը հաստատված է այդ ստանդարտ պրոտոկոլներում, հիվանդները պետք է ստանան և նշանակվեն բժիշկների կողմից»:

Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ լիմֆոմաները դասվում են աշխարհի ամենաթանկ և ամենաբարդ հիվանդությունների շարքին: «Եթե մենք կարողանանք ճիշտ ախտորոշել շատ լիմֆոմաներ, ապա գտնված է նաև նրանց բուժման դեղորայքը, և շատ լիմֆոմաներ կարող ենք հիմնովին բուժել, իսկ մյուս տարատեսակների դեպքում հնարավոր է կյանքի տևողությունը հասցնել կյանքի միջին տևողությանը: Այդ իսկ պատճառով ախտորոշման խնդիրները նաև կազմված են որոշակի գործիքակազմից, որշակի հնարավորություններից: Այսօր մեր պետությունը որոշակի գումարներ է հատկացրել, որպեսզի մենք կարողանանք լիմֆոմաների մանրակրկիտ բջջային ախտորոշումը կազմակերպել»,- ասաց նա:

Նշենք, որ աշխարհում տարեկան լիմֆոմաների մոտ  425 000 դեպք է արձանագրվում: Հիվանդների 56 տոկոսը տղամարդիկ են, 44-ը`կանայք: Հայտնաբերված դեպքերի 51 տոկոսն արձանագրվում է զարգացած երկրներում:

Գիտաժողովը նվիրված էր լիմֆոմաների ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներին: Կոնֆերանսին հրավիրված էին նաև Մոսկվայի Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի մասնագետները: Քննարկվեցին  լիմֆոմաների ախտորոշման մասնրամասները և բուժման պրոտոկոլները:

Տեսանյութեր

Լրահոս