Պատվիրված C-300 զենիթա-հրթիռային համալիրը Ռուսաստանից բերվել է Բաքու. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև տեխնիկայի ու զենքի գնման մատակարարումն իրականացվում է երկկողմանի պայմանագրերի հիման վրա և ժամանակին: Այս մասին հայտարարել է ռուսական Рособоронэкспорт ընկերությունը:
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը դիտարկում է որպես իր կարևոր գնորդներից մեկը և վերջին տարիներին այդ երկրի հետ կնքվել են մի շարք կարևոր պայմանագրեր, որոնք առնչվում են ավիացիայի, ցամաքային տրանսպորտային միջոցների ու մարտական մեքենաների պատվերներին: Рособоронэкспорт-ը հավելել է, որ այդ պայմանագրերն իրագործվում են ըստ իրենց ժամկետի:
Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ ռուսական ընկերությունը հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ղեկավարությունն արգելք է դրել Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրի վաճառքի վրա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պատվիրած այդ համալիրն արդեն իսկ հասցվել է Բաքու:
Հիշեցնենք, որ սրանից առաջ նշվում էր, թե այն բանից հետո, ինչ Ադրբեջանը գրեթե 43 անգամ ավելացրեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարը (7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի) և դրանով իսկ նախորդ տարեվերջին տապալեց այդ կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները, Վլադիմիր Պուտինը չեղյալ հայտարարեց Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային երրորդ համալիրի վաճառքը (առաջին երկուսը վաճառվել են Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ՝ 2010 թվականին):