Նարինեն ու Ալենը երջանիկ են, սիրով շրջապատված (լուսանկարներ)
ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի օրվա ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է: Ամեն օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի մոր՝ Նարինեի ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է:
Ամեն օր այդ ժամին Նարինեն գնում է երեխային տուն բերելու: ՀՕՖ-ի դռներից վազում ու մոր ոտքերն է գրկում փոքրիկ Ալենը: Նարինեն ասում է՝ ամեն անգամ այդ տեսարանից սիրտը լցվում է ու ամեն անգամ գիտակցում է իր ու որդու միասին լինելու գինը: Նարինեն ամեն օր, ամեն ժամ ստիպում է հավատալ, որ «թքել» է իր հարբեցող ու անբարոյական ընկերների վրա, ու իր մեջ նոր մարդ է ծնվել: Այսինքն՝ կար այդ մարդը այնքան ժամանակ, քանի դեռ երկու տարի առաջ օրինական ամուսինը չէր հայտնվել կալանավայրում: Կալանավայրում հայտնված օրինական ամուսինը Նարինեից փող էր ուզել ազատություն ստանալու համար, ու Նարինեն ընկերուհու առաջարկով մեկնել էր` մարզերից մեկի «օբյեկտում» մատուցողուհի աշխատելով ամուսնու «ազատության» համար գումար վաստակելու: Աշխատանքի ընդունվելու առաջին օրը սկուտեղը ձեռքին Նարինեին ուղեկցել են ննջասենյակ: «Օբյեկտում» ամուսնու «ազատության» համար գումար վաստակող Նարինեի այդ կյանքը շարունակվել է 6 ամիս, որից հետո նա Ալենին ներսում կրած վերադարձել է մայրաքաղաք: Չգիտեմ` ինչու, ու չգիտեմ` ինչպես, Նարինեից պարբերաբար գումար պահանջող օրինական ամուսինն ազատություն ստանալուց հետո ամուսնացել է այլ կնոջ հետ ու հիմա իր այդ նոր կնոջ, երեխաների հետ ապրում է՝ մոռանալով Նարինեին, ով ինքնամոռաց գումար էր վաստակում և նրան ուղարկում: Ավելի քան երկու տարի Նարինեն ալկոհոլով իր ներսում կուտակված ինչ-որ բան է սպանել՝ վիրավորանք, սեր, ատելություն, երազանքներ, անցյալ, ապագագ Ասում է. «Ինձ սենց մի նայի, նկարներս ցույց տամ՝ կզարմանաս: Ուղղակի էնքան են ծեծելգ քիթս ջարդված ա, դեմքիս վրա պատռվածքների սպիներ կան: Ինձնից քիչ բան ա մնացել՝ երեխաս»: Նարինեն փոխվել է, ու դրա համար նա մեծ ջանքեր է գործադրում: Նարինեն ուզում է Ալենին վերադարձնել նրա մանկությունը:
Նարինեն դեն է նետել իր «մի մետրանոց» բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները ու գնել է երեխային գրկած վիճակում ՀՕՖ տանելուն հարմար կոշիկներ: Կիրակի առավոտյան նա զանգահարել է «Փրկենք Ալենին» ֆեյսբուքյան խմբի կամավորներից Հայկին և հիշեցրել, որ Տեր Սմբատի հետ պայմանավորվել են պատարագի մասնակցել: Կիրակի առավոտյան նա Հայկի հետ գնացել է եկեղեցի, մասնակցել է պատարագին ու ստացել է Տեր հոր օրհնությունը: Նարինեն երկար խոսել է Աստծո հետ: Չգիտեմ` ի՞նչ է խոսել, բայց եկեղեցուց դուրս գալուց հետո աղոթագիրք է գնել: Նարինեն կամավորներից Հայկին խնդրել է ամեն կիրակի եկեղեցի գնալիս իր հետ լինել ու հաջորդ կիրակի պատարագին մասնակցել որդու հետ: Երկու տարեկան Ալենը, ով մինչ այդ չէր կարողանում որևէ բառ արտաբերել և միայն նյարդային բղավում էր, կիրակի օրն առաջին անգամ սկսել է խոսել: Կիրակի օրն Ալենը մոտ տասը անգամ Հայկ է ասել:
Նարինեի հարազատներն ամեն օր զգում են, որ վերագտնում են երկու տարի առաջվա Նարինեին, ով անճանաչելիության աստիճան փոխվել էր: Մայրը՝ տիկին Անահիտը, չի դադարում «Փրկենք Ալենին» խմբի երիտասարդներին շնորհակալություն հայտնել: Բոլորը նկատում են, որ նախկին Նարինեն «վերադարձել է», որ կյանք է հայտնվել նրա հայացքի մեջ: Հիմա Նարինեն ամեն օր անհամբեր սպասում է ԱՄՆ-ից իրեն զանգահարող Արմենի զանգին, ով «Ֆեյսբուքից» Ալենի պատմությանը ծանոթանալով՝ իր բարեկամությունն է առաջարկել այս կնոջը և ամեն օր երկար զրուցում է նրա հետ: Ինձ հիշեցնում է, որ ԱՄՆ-ում բնակվող Սոնան նույնպես իր համարն էր խնդրել, բայց չեմ փոխանցել: Նրան ամեն օր ու ամեն ժամ տեսնում ու զանգահարում են «Փրկենք Ալենին» խմբի Գոռը, Հայկը, Արուսյակը, Կատրինը, Մարատը, Սեդան ու բազմաթիվ մարդիկ: Ամեն օր Նարինեի դռան մոտ ժամը 6:30-ից ամուսիններ, երիտասարդ աղջիկ-տղաներ, խմբեր ու անհատներ են գալիս, ովքեր Ալենին զբոսանքի կամ որևէ սրճարան են տանում: Հիմա արդեն Նարինեն էլ է մասնակցում այդ զբոսանքներին՝ ընկերանալով այդ բարի մարդկանց հետ: Նրա համար այդ ամենը հրաշքի նման է: Նարինեն հիմա հոգեբանական մեծ բարդույթներ է հաղթահարում, բայց երբեք չի խոսում այդ մասին: Միայն ասում է՝ «Կարո՛ղ եմ»:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է Նարինեի ամենօրյա հաճախումները հիվանդանոց, մինչև անգամ հոգացել են նրա ամենօրյա այցելությունների տրանսպորտային հարցերը: Բուժհաստատության ընդհանուր թերապիայի բաժնի վարիչը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ հետազոտությունները դեռ շարունակվում են, և վերջնական գնահատական կարող են տալ երկու օրից: Նաև նշվեց, որ ախտորոշման արդյունքներն ավելի լավ են, քան իրենք կանխատեսում էին: Նարինեն շտապում է առողջական հարցերը լուծելուց հետո անցնել աշխատանքի «Պեպսի Կոլա» ընկերությունում:
Արդեն երկրորդ օրն է՝ տիկին Անահիտը, Նարինեն ու Ալենը մի քանի օրով տեղափոխվել են հարազատների տուն, քանի որ «Փրկենք Ալենին» խմբի երիտասարդները սկսել են նրանց տան վերանորոգման աշխատանքները:
Տան պաստառները քերող երիտասարդ աղջիկ-տղաները Նարինեի ու Ալենի կյանքը փոխելու համար իրենց ձեռքով, երկու օր է, քերում են տան սարսափելի մրոտ պաստառները: Ցուրտ ու խոնավ տանը «բանվորություն» անելուց հետո շատերը հիվանդացել, անկողին էին ընկել: Թեև շատերը երեկ միմյանց տեղեկացրել էին, որ ջերմում են, չեն կարող գալ, բայց առավոտյան բոլորը կրկին Ալենենց տանն էին: Բոլոր այդ մարդկանց միավորել է բարի գործը, Ալենի, Նարինեի ճակատագիրը: Նրանք շատերիս համար հարազատ մարդիկ են դարձել, ում կարոտում ենք: Բարի մարդիկ են հայտնվում, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում տան վերանորոգումն իրականացնելու գործում: Մի մարդ օգնեց ձեռք բերել շինաշխատանքների համար անհրաժեշտ նյութեր՝ ներկեր, և այլն: Շինարարական աշխատանքների կազմակերպման համար 400.000 դրամ աջակցություն ցուցաբերեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Իդեալ» խանութների ցանցը մեծ զեղչեր տրամադրեց` անհրաժեշտ նյութերի, իրերի ձեռքբերման համար: Բոլորին միավորել է այն հրաշքը, որն ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են փոքրիկ Ալենը և մայրը երջանիկ գրկախառնվում միմյանց՝ բարի մարդկանցով շրջապատված ու կյանքի, ապագայի նկատմամբ հավատով լցված:
Բոլորս, որ մինչ այդ տանջվում-հուզվում էինք այդ ծանր իրավիճակից, այժմ արդեն հումորով ենք հիշում այդ սարսափելի օրերի մասին: Ի դեպ, Նարինեն, ով մինչ այդ ինձ զանգահարելիս Լուսո էր դիմում, այժ ասում է՝ Լուսինե, աղջիկ կամավորներից սանրվածքը փոխելու մասին խորհուրդներ է հարցնում, ինձնից թերթեր ու ամսագրեր է խնդրում ու ուզում է կյանքում առաջին անգամ գնալ որևէ համերգասրահ կամ թատրոն: Նարինեն հասկացել է, որ նյարդայնացած և ժամանակ առ ժամանակ փոքրիկ գազանի պես բղավող Ալենին հանգստացնելու միակ «դեղատոմսը» նրան գրկելը, համբուրելն ու շոյելն է: